Երբ կա քրեական գործ 30-40 մլրդ դրամի, երբ կա քրգործ, որտեղ այլ քրգործով ի հայտ է գալիս փաստաթղթերի հավաքածու, որտեղ կոնկրետ հաշվետվություն է 2017 թվականի ընտրություններին գումար բաժանելու վերաբերյալ, իշխանություններն ի՞նչ պետք է անեին. ասեին՝ դե լավ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ճղենք գցենք փաստաթղթե՞րը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ առաջ էլ գուցե եղել են այդ փաստերը, բայց միայն ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո ընթացք տրվեց դրանք, ԱԺ փոխխոսնակը չժխտեց նման հնարավորությունը. «Ես չեմ կարող հստակ ասել այ, կամ ոչ: Կթողնեմ առանց մեկնաբանության: Հնարավոր է, որ նման բան եղել է»:

Հարցին, թե որքանով է իրավաչափ, որ նախաքննության փուլում  գտնվող քրեական գործի որեւէ փաստաթուղթ հայտնվում է համացանցում, որը տարածում է նաեւ առողջապահության նախարարը, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Բացի առողջապահության նախարար լինելուց, նա իշխող ուժի անդամ է եւ քաղաքական գործիչ: Երբ հնչում են մեղադրանքներ իշխանության հանդեպ, նորմալ է, որ քաղաքական կուսակցության ղեկավար կազմի անդամները արձագանքում են: Իսկ շահարկել, որ նա առողջապահության նախարար է, կարող է վաղը լնել փոխվարչապետ կամ ընդհանրապես որեւէ պաշտոն չզբաղեցնի: Նա քաղաքական գործիչ է:

Պարոն Թորոսյանը, ինչպես նաեւ ես այդ փաստաթուղթը հրապարակել ենք, այն տեսնելով համացանցում, այլ ոչ թե սկզբնաղբյուրից: Եթե նման խնդիր կա, իրավապահները կարող են զբաղվել: Եթե կա օրենքի խախտում, որեւէ մեկը չի կարող խուսափել»:

Դիտարկմանը՝ այդ ինչո՞ւ ԱԱԾ-ն հենց հիմա որոշեց վեր հանել առկա փաստերը, եթե դրանք առաջ էլ են եղել, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Եթե այս ամենը մեկ ամիս հետո լիներ եւ այդ ընթացքում, ասենք, «Վերնատանը» մի համաժողով լիներ, ինքն էլ գնար մասնակցեր, պետք է ասեիք՝ այ հենց Վերնատանը ժողով եղավ, գործ հարուցվեց: Իրավական գործընթացն ունի ժամկետներ, եւ քաղաքական երանգ տալը փորձ է ուղղակի սակարկումների գնալու, ինչը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ժամանակ:

Այսինքն ուզում եք ասել, որ վերջին 20 տարում ընտրություններն առանց ընտրակաշառք են անցել, մեկ էլ հանկարծ առը հա, պարզվում է, որ ընտրակաշառք է բաժանվել: Իսկ ինչու՞ այդ հարցերը այն ժամանակ պարոն Ծառուկյանին չէիք տալիս»: