Արդեն 2 ամիս է երթուղին հանել են, սպասարկվում է միայն Արգավանդը, դրանից այն կողմ մյուս գյուղերն արդեն վիրուսակիրներն են, այնտեղ չի կարելի սպասարկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ խնդիրներ են առաջացել, քանի որ անգամ աշխատանքի գնալ չեն կարողնաում. «Բոլորս աշխատում ենք, երեխա ու ընտանիք ենք պահում։ Դուրս ենք գալիս ճանապարհ, ձեռքներս մեկնում ենք, որ օտար տղամարդիկ կանգնեն, մեզ իջացնեն քաղաք, գնանք աշխատանքի, որ օրն էլ չենք գնում, այդ օրը մեր երեխան սոված է։ Պահանջում ենք, որ օգնեն մեզ, հասկանան, որ այդ գյուղերում կան մարդիկ, երեխաներ, ընտանիք, ոչ թե այլմոլորակայիններ են եւ կտրված են ամեն ինչից»։
Նրա խոսքով՝ դիմել են նաեւ մարզպետ Գարիկ Սարգսյանին, սակայն որեւէ արձագանք չի եղել, դրա համար այսօր եկել են նամակով դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Նամակներ ենք բերել, որ երթուղու հարցով արձագանքի՝ վարչապետը, կառավարությունը, ով որ այս հարցը պետք է լուծի. Երթուղին 20 ավտոբուս ունի, թող 4 ավտոբուս տրամադրեն, որը մեր գյուղից կգնա մետրոյի ցանկացած կայարան, որ կարողանանք դուրս գալ, հնարավոր չի ապրել։ Եկեք մի հատ Հայանիստ տեսեք, թե մարդիկ ոնց են ապրում, մարզպետը կյանքում մի հատ դուռ ծեծե՞լ ա տեսնի իր բնակիչն ի՞նչ է անում, ո՞նց է ապրում, ո՞նց է երեխան սնվում։ Ես դոմիկում եմ ապրում, չունեմ հիգենիայի ոչ մի պայման, 3 ամիս չեմ աշխատել, կորոնավիրուսի հետ կապված ամուսինս չի աշխատել, մի հատ 26 հազար դրամ գումար մի քանի օր առաջ եմ ստացել, այն էլ կռվով, պայքարելով, ինչ որ խնդիրներ էր առաջանում, չէին տրամադրում, մի հատ էլ 19 հազար ստացել եմ մարզպետից։ Ես դրամական օգնություն չեմ ուզում, ողորմություն չեմ հավաքում, աշխատանք տվեք, տրանսպորտ տվեք, գնամ աշխատեմ, իմ երեխան էլ ապրի»։
Նրա խոսքով՝ իրենց եւ հարակից գյուղերի բնակիչները եւս ցանկացել են գալ կառավարություն, բայց այսօր էլ կսպասեն, եթե արձագանք չլինի, կտրուկ գործողությունների կանցնեն. «3 գյուղ պատրաստ սպասում են, որ փակեն Հայասնիստի ճանապարհը, կաթվածահար երթուղին կանգնացնելու ենք ու 3 գյուղի ընտանիքներ՝ տղամարդիկ, կանայք, սոված մարդն ամենաուժեղն է այսօրվա պայմաններում, իրենք կերած–խմած նստած իրենց աթոռների կռիվն են տալիս, բայց գյուղերում մարդիկ սովից կոտորվում են»։
Քաղաքացու խոսքով՝ նախկինում էլ, երբ գոյւղում տրանսպորտի խնդիր է եղել, ճանապարհ են փակել եւ հարցը կարգավորվել էր. «Նախկին կառավարության ժամանկ նույնն ենք արել, փակել ենք բոլոր ճանապարհները, երթեւեկությունը կաթվածահար ենք արել, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհիվ այդ երթուղին տրամադրվեց մեզ, 6–7 գյուղ սպասարկեց այդ երթուղին, հիմա ասում են ապօրինի է ու չի լինի»։
Նրանց խոսքով՝ բացի տրանսպորտի խնդրից գյուղում նաեւ խմելու ջրի խնդիր կա, բնակիչը շշով ջուր էր հետը բերել կառավարության մոտ. «Չգիտենք ինչ ջուր ենք խմում, թող այս ջուրը տանեն փորձաքննության, հասկանանք մեր երեխաներն ինչ ջուր են խմում։ Իմ 9 տարեկան երեխան ունի ստամոսքսի էրոզիա, 2 տարի առաջ մասիսի մանկաբույժն է փրկել, աղիքային ինֆեկցիա է եղել այս ջրից»։











