Երեկ բողոքի ակցիայի մասնակիցները նաեւ Ծառուկյանի աշխատակիցներն էին. նրան պատկանող առնվազն երկու հիմնարկների վերաբերյալ տեղեկություն տարածվեց, որ «Շանգրիլա»-ի հաշվապահներին կոչ էին անում շուտ գալ, ինչպես նաեւ գրվեց, որ «Առինջ մոլի» աշխատողներին նույնպես բերում են այնտեղ: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Մենք նաեւ տեսանք ԲՀԿ պատգամավորներին, իրենց օգնականներին, թիկնապահներին եւ եւս մեկ տասնյակ աջակից աշխատակիցներին»,-ասաց նա:
Հարցին, թե իշխանությունը մտավախություն չունի, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դեպքում իր աջակիցները դուրս կգան փողոց, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իշխանությունը երբ իշխանություն չէր, նույնիսկ մտահոգություն չուներ Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու եւ օրենքը առաջ տանելու: ՀՀ քաղաքացին մեզ պատվիրակել է ՀՀ օրենքները ի գործ դնելու եւ դա տեղի է ունենալու անկախ նրանից, թե ով է քաղաքական տեքստերով պատսպարվելու եւ ներկայանալու որպես քաղաքական գործիչ»:











