Սահմանադրության մեջ կայուն մեծամասնության առկայության հարցն իրականում ունի 2 երես: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի կողմից՝ սա հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար ավելի լայն ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաեւ այն քննադատությունը, որ կայուն մեծամասնության ինստիտուտը որոշակիորեն դեֆորմացնում է ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը խորհրդարանական տեղերի բաշխվածության վրա:
Մյուս կողմից՝ այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ երկրներում, երբ ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը հնարավորություն չի տալիս ձեւավորել մեծամասնություն, եւ երկրներն ստիպված են լինում գնալ նոր արտահերթ ընտրությունների, ընդ որում՝ նախապես իմանալով, որ մեկ կամ մեկուկես կամ երկու ամիս անց դժվար թե ընտրողների կամքում որեւէ էական փոփոխություններ տեղի ունենան:
Այսօր տեսնում ենք՝ աշխարհում կան դեպքեր, երբ ընտրությունները չեն բերում խորհրդարանական մեծամասնության ձեւավորման, տեղի է ունենում արտահերթ ընտրություն, որը գրեթե ճշգրտորեն արտահայտում է նախորդ ընտրությունների արդյունքները, եւ որն էլի անհրաժեշտություն է առաջ բերում նոր ընտրություններ անցկացնելու, կամ էլ ձեւավորվում է փոքրամասնության կառավարություն, որն իր գործունեության մեջ, ըստ էության, կրում է նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության քաղաքական ուղերձը:
Սա էլ քաղաքական ընտրության հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք հնարավորինս շատ ընտրություններ լինեն մեր երկրում, թե՞ մենք ուզում ենք, այնուամենայնիվ, որոշակի, շատ թե քիչ կանխատեսելիության մակարդակում պահել այս հարցը»,-ընդգծեց վարչապետը:











