Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր հունիսի 15–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ միայնակ «չակցիա» է իրականացնում, չակցիա, քանի որ ըստ նրա  ոստիկանությունը խաղաղ հավաքներն արգելելու մոլուցքի շրջանակներում արգելում է ոչ միայն խաղաղ հավաքներն այլեւ պարզվեց ակցիաները։

Մելիքյանը հիշեցրեց, ուրբաթ օրվա իր միայնակ ակցիան ԱԺ–ի մոտ, ապա երեկ ԱԱԾ–ի մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն վարչական ձերբակալման ենթարկեցին, նաև ուժ կիրառեցին:

Իրավապաշտպանն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գնացել է ՀՀ–ում ԵՄ դեսպանություն. «Ես երեկ էլ էի եկել անմիջապես ձերբակալումից հետ, բայց դեսպանը «տանը չէր», կիրակի օր էր, մարդիկ հավանաբար հանգստանում էին»։

Դեսպանատան անվտանգության աշխատակիցը մոտեցավ Մելիքյանին, վերջինս նրան իր այցեքարտը փոխանցեց և ասաց, որ ինքը հանդիպում է խնդրում դեսպանի կամ դեսպանատան ներկայացուցչի հետ՝ ՀՀ-ում առկա իրավական իրավիճակի մասով զրուցելու: «Անձամբ ես՝ որպես իրավապաշտպան, ենթարկվել եմ լուրջ իրավունքի սահամանափակումների, բռնության, մշտապես ԵՄ ներկայացուցիչները նման դեպքերում հանդես էին գալիս դատապարտող հայտարարությամբ, իսկ հիմա տեղյակ չեն երևի, ես կխնդրեի, որ այս հարցով շտապ հանդիպում ունենամ կամ հարգարժան տիկին դեսպանի, կամ որևէ ներկայացուցչի հետ։ Կխնդրեի, եթե հնարավոր է հիմա այս ուղերձը փոխանցել, կարող եմ նաեւ այստեղ սպասել»,– ասաց նա:

Անվտանգության աշխատակիցը տեղեկացրեց, որ համավարակով պայմանավորված հեռավար են աշխատում, սակայն նա խոստացավ փոխանցել և գալ ու հայտնել պատասխանը: Սակայն, անվտանգության աշխատակիցը գնաց ու չվերադարձավ:

Մելիքյանը նշեց, որ ողջամիտ ժամկետ՝ 2–3 րոպե կսպասի աշխատակցի վերադարձին. «Ողջամիտ ժամկետը լրացավ, գնանք և սպասենք, թե ինչ է պատասխանելու մեր հարգարժան եվրոպան»: