Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, որովհետեւ չգիտեմ՝ իրավական առումով գործողությունների հաջորդականությունը եւ որ պարագայում ինչի է հանգեցնելու այն: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գլխավոր դատախազը միջնորդելու է ԱԺ-ին Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ինչ է որոշել «Իմ քայլը», եթե նման բան լինի:
«Գիտեմ, թե մենք երբ կարող ենք որոշում կայացնել: Երբ դատախազությունը միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին՝ ներկայացնելով համապատասխան հիմքեր, այդ ժամանակ «Իմ քայլը» նիստ կհրավիրի եւ որոշում կկայացնի:
Մենք այսպես, թե այնպես խմբակցության նիստ հրավիրելու ենք, քանի որ վաղը քառօրյա է սկսվում: Մինչեւ ձեզ հետ հաղորդակցվելը ես տեղեկատվություն չունեի՝ նման միջնորդություն ներկայացվել է, թե ոչ: Բայց եթե ներկայացվի, ապա նիստի ընթացքում կքննարկենք նաեւ այդ հարցը»,-ասաց նա:











