Մենք պատրաստվում ենք շնորհակալություն հայտնել եւ մեր լռության ուխտը շարունակենք ի սոլիդարություն Արմեն Սարգսյանի լռության։ Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, ՀՀ նախագահի նստավայրի դիմացից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը։

«Արմեն Սարգսյանը վերջին 2 տարում ինչի մասին ասես խոսել է՝ տիեզերագնացության, պաղպաղակի, քոչարիի, արհեսատական բանականության, հայ ժողովրդի վարպետ լինելու մասին, բայց ծպտուն չի հանել, որ Հայաստանում դու ծպտուն հանեցիր ու դա դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին, քեզանով պետք է զբաղվի ԱԱԾ–ն եւ ոստիկանությունը։ Արդեն 2 տարի է Արմեն Սարգսյանը լռում է Հայաստանում քաղաքական հետապնդումների հարցով և յուրաքանչյուր դրվագից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ որևէ կարծիք չի արտահայտում: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ նա հետևում է իր կոլեգաների օրինակին և չի խառնվում Հայաստանի ներքաղաքական անցուդարձին իրեն վերապահելով միայն արտաքին դաշտում՝ Դուբայներում, արտասահամաններում, դավոսներում, տիեզերագնացության մասին ելույթներով»,-ասաց նա:

Դանիելյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահը որոշակի լիազորություններ ունի դե յուրե, բայց քանի որ նա ոչ լեգիտիմ նախագահ է, Արթուր Դանիելյանի կարծիքով՝ որոշել է դե ֆակտո իր լիազորությունները չստանձնել:

«Նույնը տեղի ուենցավ, երբ Սահմանադրական դատարանի դատավոր պետք է ներկայացներ, նա իր ուսերից այդ բեռը բարդեց ինչ-որ շինծու հանձնաժողովի վրա և նշանակեց այն մարդում, ում Նիկոլ Փաշինյանն էր ուզում: Այսինքն՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա հասկանալով, որ լեգիտիմ նախագահ չէ և Հայաստանում պետք է ընդամենը կատարի Միացյալ Թագավորության դեսպանի դերը, հրաժարվում է դե յուրե իրեն վերապահված լիազորություններից, հրաժարվում է ստանձնել այդ աթոռից բխող պարտականությունները»,-ասաց նա:

Հայտարարություն անելուց քիչ անց ոստիկաննները բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության անդամներին։