Ես ազգի թշնամին չեմ, ձեր կողքին եմ եղել. ներդրումներն էլ եմ բերել: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մի հատ հարցրեք, որ Ծառուկյանը 20 մլրդ դոլար փող բերել ա, ասել ա՝ ընդունեք, միայն պետք է պետական երաշխավորություն, որ մի տոկոսով, 10 տարով, իսկ առաջին երկու տարին պետք է մայր գումար չվճարեին: Բոլորը պատասխան են տալու արած-չարածի համար: Համաճարակը տապալելու համար ո՞վ է պատասխան տալու, ե՞ս, թե դուք:
Ես ցանկացած իմ խոսքին տեր եմ: Ես այո, գործարար եմ, չէ, կներեք սեփականատեր եմ: Բոլոր կառույցները կառավարվում են, բայց ես ի՞նչ կապ ունեմ կառավարման հետ: Հիմա մտածում են՝ Ծառուկյանը խանգարում է, ոնց անենք, հանենք: Ավելի վատ է լինելու:
Հիմա ամբողջ ներքին զորքերը հանել եք, բայց մենք դեռ հանրահավաք չենք արել: Երբ արտակարգ դրությունը կհանեք, այդ ժամանակ հանրահավաք կանենք: Դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք, որովհետեւ անկարող եք Ծառուկյանի առաջ հարցադրում դնեք, որ միասնական քայլ կատարենք:
Մենք դեռ հանրահավաք չենք արել, բայց հենց պրծնի արտակարգ իրավիճակը, արվելու է: Դուք գնացիք ռադիոտունը գրավեցիք, ձեզ չտարան, հիմա 500 հոգի տարել եք բաժին: Էդ ո՞նց է լինում: Ձեր հպարտ ցավը տանել: Հպարտ քաղաքացի ունեք, ու բոլորին պետք է պատասխանը տաք:
Ոնց որոշում եք, արեք, ամեն մեկը իր խղճի առաջ պատասխան է տալու: Անտեղի մարդուն սարքում եք հերոս եւ ամեն ինչը փչացնում եք: Ժամանակավոր բան է, 1-2 ամիս, ավել չի տեւելու: Դուք անդունդի վրա եք կանգնած: Խանգարել եմ, ավելի շատ եմ խանգարելու, իրականությունը ներկայացնելու եմ»,-հայտարարեց Ծառուկյանը:











