Այսօր դուք ունեք իշխանությունը պահելու խնդիր, որ ասում էիք՝ մենք ժողովրդի ընտրյալն ենք, դե դուրս եկեք փողոց, տեսեք: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
« Չեք աշխատել, խաբել եք ժողովրդին: Գնացեք հիմա տեսեք, ժողովուրդը ձեզ հավատում է, թե ոչ: Հո դատարկ-դատարկ խոսելով չի:
Մարդն իր կյանքում մատը մատին չի տվել, սկի հարեւանը չի ճանաչում, էսօր արդեն կյանքը փոխվել է, ապարտամենտներ առնելով, ճոխ ավտոներով, լիարժեք մոռացել է իր խոստումը ժողովրդի առաջ»,-ասաց Ծառուկյանը:
Նա նդրադարձավ նաեւ Արցախի խնդիրին՝ ասելով. «Արցախի հարցում այսքան ժամանակ չեղավ, որ մեկը վեր կենա հարցը դնի, որ մեզ պետք է միջազգային ճանաչում, հիմքում դնում ենք սա: Տարածքի հարցն եք դնում, եկեք քննարկենք, պետք է հատվածային, պետք է ժամանակավոր, չգիտեմ:
Էսօր ասում են՝ սուրճ ենք խմել, չենք քննարկել, ամոթ է: Պետք է նա անի, ով կարող է անել: Ժողովրդին ֆռցնելով, վերջը գալու է ժամանակը: Արդեն եկել ա ժամանակը»:
Իր ելույթի վերջում Ծառուկյանը տեղեկացրեց, որ նորից գնում է ԱԱԾ քննության. «Հիմա նորից կարծես թազա գործեր կան, սրանից բան դուրս չի գալիս: Բացի այդ, իրավունք չունեին ինձ քննելու ԱԱԾ-ում»:
ԲՀԿ առաջնորդը չպատասխանեց պատգամավորների հարցերին եւ հեռացավ դահլիճից:











