Ես ուզում եմ մենք խոսենք իշխող ուժի ազնվության ու անկեղծության մասին, թե որքանով է այս գործընթացն ազնիվ ու անկեղծ, եւ որքանով է այն իրավական ու քաղաքական: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը:

Նրա հիշեցրեց, որ 2018-ի օգոստոսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջեւանում հայտարարել էր, որ ՀՀ-ում պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքների միջոցով ընտրությունները հաղթելու պրակտիկան եւ այն ուժերը, որոնք ընտրակաշառքներ են բաժանել, չպետք է մասնակցեն ընտրություններին, քաղաքականության մեջ մաս դառնան. «Արդեն 2018-ի հոկտեմբերի 18-ին «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից կառուցվող խոշոր մայնինգի ֆերմայի բացմանը Փաշինյանը ասել է՝ Հայաստանում օլիգարխներ չկան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է: 2018-ի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ստորագրում են հուշագիր, որի 4-րդ կետում գրված է. «Կողմերը պատրաստվում են համատեղ աշխատել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, Սփյուռքի հետ համագործակցությունը խորացնելու, ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»:

Արդեն 2018-ի դեկտեմբերին մեծ դեբատի ժամանակ ես պարոն Ծառուկյանին հարց եմ տալիս՝ դուք գործարար եք, ինչու եք գալիս քաղաքականություն: Դրանից հետո սկսվում է շատ ծանր պատերազմ «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի միջեւ: Հետո տեղի են ունենում ընտրություններ, ԲՀԿ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Փաշինյանը հայտարարում է, որ ԱԺ-ն լեգիտիմ է, ամեն ինչ լեգիտիմ է,  դրա համար պետք է առաջին ԲՀԿ-ից ընտրենք ԱԺ փոխխոսնակ:

Հետո տեղի է ունենում ԲՀԿ նախագահի ընտանիքում հարսանիք, որին մասնակցում են քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Նրանք, որոնք այս օրերին հարցազրույցներ են տալիս Գագիկ Ծառուկյանի մասին»,-ասաց Մարուքյանը:

Նա մի դեպք հիշեց. «Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գալիս է խորհրդարան եւ ասում՝ թույլ տվեք քրեական հետապնդում իրականացնեմ Վարդան Օսկանյանի նկատմամբ, որը ԲՀԿ երկրորդ համարն էր եւ հավակնում էր անգամ նախագահական ընտրություններում լինել թեկնածու: Ասվում էր, որ Օսկանյանը փողեր է լվացել: Դրանից առաջ իշխանությունն ասում էր, որ ԱԳ նախկին նախարարներից Ալեքսանդր Արզումանյանն է փողեր լվանում: Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում, ասում է՝ Վարդան Օսկանյանը «մարտի 1»-ի մահվան դատավճիռներ հրապարակած մարդ է, Քոչարյանի ռեժիմի ներկայացուցիչ, նա պետք է հետապնդվի եւ ԱԺ-ն նրան պետք է հանձնի, ինչը շատ զարմանալի էր: Ես դեմ քվեարկեցի, Օսկանյանին հանձնեցին, բայց վերջում պարզվեց, որ Օսկանյանի գործը փակվեց:

Հիմա էդ ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք է, ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, կարելի է գնալ իր տանը քեֆ անել: Հետո գալ ասել՝ բա իմացե՞լ եք, ինչ է եղել: Արդյոք օրենքի ընտրողական հանգամանք չկա»,-հայտարարեց Մարուքյանը: