Այսօր համեմատականներ եմ տանում և նմանություններ եմ տեսնում 90-ական թվականների հետ, երբ տեսնում էի, թե ինչպես աչքիս դիմաց կատարվում էին քաղաքական ռեպրեսիաներ։ Այս մասին այսօր`հունիսի 16-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը:
Նրա խոսքով` այսօր էլ Հայաստանում կատարվում են քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ, որին ինքը ևս ժամանակին ենթարկվել է.
«Տեսել եմ նաև, թե ինչպես կարելի է քաղաքական մեծ ուժին ոչնչացնել:
Ձեր նկատմամբ շատ մեծ հարգանքով` չէի ցանկանա, որ այդ ճանապարհը նույն կերպ դուք անցնեիք, մի համեմատվեք անցյալի հետ: Որպես իմ գործընկերներ` խորհուրդս ձեզ այն է, որ չանցնեք այդ ճանապարհով, քանի որ այդ ճանապարհով գնացողները չեն հարգվել, այդ մարդիկ կյանքեր են խլել, անուններ ու մարդկանց ապրած կյանքեր են ջարդել»,- ասաց Արթուր Դալլաքյանը:
Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա գործունեությանը՝ ԲՀԿ պատգամավորն ասաց, նա իր տեղում չէ։
«Այսօր տեսնում եմ նաև իրավական «բեսպրեդել»: Սա ես այն ժամանակ էլ եմ տեսել: Ինչպե՞ս կարելի է մարդու վրա չեղած գործ կարել:
Հարգելի պարոն Դավթյան, ձեր մասնագիտական ունակությունների վրա ոչ մի կասկած չունեմ, բայց դուք չպետք է փորձեք դառնալ գործիք, այն գործիքը, որը պետք է ծառայի այս իշխանությանը այլ նպատակների համար: Դուք ունեք ժամանակ, որ հետ կանգնեք այդ ամենից: Կգա ժամանակն ու մարդիկ կհասկանան, որ ցիրկ էր այս ամենը»,- ասել է պատգամավորը:











