Ես, բնականաբար, առաջարկելու եմ, որ դեմ քվեարկեք, բայց միևնույն է, ես ենթադրում եմ, թե ինչ որոշում կկայացվի, քանի որ, երբ գլխավոր դատախազին իշխանությունը համաձայնություն է տալիս, որ գա նման գործով, բնականաբար իշխող քաղաքական ուժը կողմ է քվեարկում այդ նախագծին, ինչքան էլ, որ ես հակառակն ասեմ, գիտեմ, որ բան չի փոխվելու» Այս մասին այսօր`հունիսի 16-ին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` մինչև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության շուրջ քվեարկությունը։ Նշենք, որ քվեարկությունն այս պահին ընթանում է։
«Ուզում եմ ասել, որ լավ հաշվեք, լավ մտածեք մեր հայրենիքի մասին, մեր պետության մասին, մենք, ամեն դեպքում, միշտ մեր պետության կողքն ենք լինելու, որտեղ էլ, որ լինենք` բանտում, տանը, թե այլևս չաշխատենք, մենք այս պետության քաղաքացին ենք և փորձելու ենք շատ ավելի լավ քաղաքացի լինել` նույնիսկ ձեզանից շատերից»,- ասել է պատգամավորը:
Նրա խոսքով` այսօր Հայաստանում անմեղության կանխավարկած ասվածը արհամարվում է, քանի որ առանց հաստատելու մարդու մեղավոր լինելու փաստը փորձում են անձեռնամխելությունից զրկել`իբրև արդեն հաստատվել է տվյալ մարդու մեղքը.
«Սխալներից ոչ ոք չի կարող ձերբազատվել, եթե իսկապես ես խանգարում եմ այդ պետականության կայացմանը, ես պատրաստ եմ տուն գնալու, բայց պետք է գտնել դրա ապացույցը: Մենք չենք կարող ասել, որ, օրինակ, Գրիգորյան Արթուրը պետք է տուն գնա, քանի դեռ չենք ապացուցել, որ նա այլևս ավելորդ է:
Մենք, ավելի ավագ սերունդի ներկայացուցիչներս, կարծել ենք, թե մարդասիրությունը շատ ավելի կարևոր է, քան ուղիղ ժողովրդավարությունը, որը հեղափոխական ուժն է որդեգրել: Հեղափոխության պաշտպան ես ինձ համարում եմ: Համարում եմ, որ ես հեղափոխությանը ես ավելի շատ եմ պարտավոր պաշտպանել, քան օրինակ Սիմիդյան Հակոբը: Բայց հեղափոխությունն այն տեսքով, որով ես եմ պատկերացնում մի գուցե այդպես չէ իրականում:
Ես կուզենամ, որ մենք կարողանանք սթափ նայել այս իրավիճակին, մենք շարունակելու ենք իրար հետ ապրել, այլևս նահանջելու տեղ չունենք, պետք է այս ատելության մթնոլորտը հաղթահարենք, այլապես դժվար իրավիճակներ ենք ունենալու: Մենք արտաքին դաժան մարտահրավերներ ունենք և միայն ներքին կայունությամբ, հզոր պետությամբ ու պետականությամբ կարող ենք հաղթահարել այս արհավիրքները: Մեկ անգամ ևս հորդորում եմ դեմ քվեարկել»,- ասել է Սերգեյ Բագրատյանը:











