Քանի դեռ ԱԺ-ն չի տվել իր համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցով, իսկ այդ հարցը ԱԺ-ում դեռ չի քննարկվել, բնականաբար ԱԱԾ-ն կամ որեւէ այլ ուժային կառույց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու իրավունք չունի, եթե այդ պահին պատգամավորը հանցագործություն չի կատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Դուք նկատեցիք, որ պարոն Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել հարցերին եւ դուրս եկավ դահլիճից: Իմ տեղեկություններով ինքը մոտեցել է ԱԱԾ աշխատակիցներին եւ ասել, որ ուզում է գնալ ԱԱԾ, ըստ երեւույթին, իրենց երեկ սկսած զրույցը շարունակելու: Թե ինչու էին եկել ԱԱԾ աշխատակիցները, այդ հարցը հնարավորություն կունենաք ուղղելու ԱԱԾ ղեկավարությանը: Գուցե ունեցել են օպերատիվ տվյալներ, գուցե մտածել են, որ պետք է վերահսկել, որ որեւէ ապօրինություն չլինի: չեմ կարող ասել: Բայց փաստն այն է, որ պարոն Ծառուկյանն ինքն իր կամքով դուրս է եկել դահլիճից, ինքն է մոտեցել ԱԱԾ աշխատակիցներին եւ ցանկություն հայտնել գնալու այնտեղ»,-ասաց նա:











