Իսկ 2017-ին, բացի ԲՀԿ-ից որեւէ այլ կուսակցություն կաշառք չի բաժանե՞լ, ինչու միայն ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ է նման քրեական հետապնդում իրականացվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին հարց ուղղեցին լրագրողները:

«Քրեական գործերը հարուցվում են փաստի առթիվ: Ձեր հարցը, թերեւս, ուղղված է իրավապահներին: Ինչքանով են իրենց հայտնի այլ ընտրակեղծիքների մասին, որոնք առնչվում են այլ քաղաքական ուժերին: Դատախազն ասաց, որ այդպիսի քրեական գործ կարող է հարուցվել փաստի առթիվ, անկախ նրանից, թե դա որ քաղաքական ուժին է վերաբերում:

Դուք, ենթադրում եմ՝ ակնարկում եք ՀՀԿ-ին, վաղը դա կարող է վերաբերել որեւէ այլ քաղաքական ուժի: «Իմ քայլին» էլ եթե վերաբերվի այդպիսի դեպք, այդ դեպքում էլ կլինի համապատասխան վերաբերմունք «Իմ քայլի» ներկայացուցչի նկատմամբ:

Այս դեպքում, Վահագն Վերմիշյանի գործով այլ անձի մոտ խուզարկության ժամանակ գտել են թղթեր, որոնք վերաբերում են Ծառուկյանին, եթե կլինեին թղթեր, որոնք վերաբերում են ինձ՝ կգային իմ հետեւից»,-ասաց նա: