Շանտաժի եւ կուլիսային պայմանավորվածություններ եւ կոմպրոմատներ ունենալով ընդդիմադիրներին կոնկրետ վարքագիծ ստիպելու ճանապարհը մերը չի։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հարցին՝ ՀՀ գխավոր դատախազը 2018 թվակաին քաղաքական պատվե՞ր էր կատարում, երբ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելոիության հարցով դիմում էր ԱԺ-ին, Միրզոյանն ասաց. «Իմ ընկալումը հետեւյալն է, բայց գուցե ես սխալվում եմ։ Ներկայացվել է գործ, որը ներկայացման փուլում հասկացել են, որ այնքան էլ հիմնավոր չի»։

Հարցին՝ արդյոք փոխվարչապետը կարո՞ղ էր ճնշում գործադրել, Միրզոյանն ասաց. «Այդ հարցն ուղղեք Արթուր Դավթյանին։ Ես այդ օրը ձերբակալված եմ եղել, չեմ կարող ասել»։

Լրագրողի դիտարկմանը, որ եթե հաստատվի ընտրակաշառքի իրողությունը, արդյոք հնարավո՞ր է ասել, որ Նիկոլ Փաշինյանն անօրինական ճանապարհով է ընտրվել, ԱԺ նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվել է ՀՀ քաղաքացիների լուրջ եւ չափազանց ակհայտ պահանջի հետեւանքով։ Այո, ԱԺ-ն ֆորմալ քվեարկություն արել է եւ անկախ նրանից՝ քվեարկողը որեւէ այլ դրվագում օրվա որեւէ այլ պահի եւ որեւէ այլ հարցով իրեն ինչպես է դրսեւորել… կարծում եմ՝ պատճառահետեւանքային կապը չկա»։

Հարցին՝ ինչո՞ւ «Իմ քայլի» ներկայացուցիչները ԱԺ-ում գլխավոր դատախազի հետ շահագրգիռ քննարկում չունեցան, Միրզոյանն ասաց. «Առաջարկում եմ՝ պատգամավորներին հարցնել»։

Հարցին՝ արդյոք իրեն բավարարե՞ց Արթուր Դավթյանի միջնորդության հիմքերը, Արարատ Միրզոյանն ասաց. «Դատախազն ասաց՝ կան լուրջ հիմքեր պնդելու, որ մենք պիտի իրականացնենք այսինչ սանկցիան»։

Հարցին՝ արդյոք իշխանության կողմից Ծառուկյանին որեւէ առաջարկ չի՞ եղել, ինչպես հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահն ասաց. «Ի՞նչ առաջարկ։ Դուք եք հարցը տալիս, գուցե դուք եք տեղյակ։ Ես կես ժամ է ասում եմ, որ շանտաժի եւ կուլիսային պայմանավորվածություններ եւ կոմպրոմատներ ունենալով ընդդիմադիրներին կոնկրետ վարքագիծ ստիպելու ճանապարհը մերը չի։ Մենք ոչ մի գնով չենք գնալու այդ ուղղությամբ»։