Բռնությունը շատ քննադատելի է, բայց այստեղ խնդիրը մեկն է, պետք է հասկանանք՝ արարքը համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով անվանի մարզիկ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու դեպքին։
«Անձնական եւ պաշտոնական էջերովս անդրադարձել էի այդ դեպքին։ Այդ պահին լրացուցիչ տեղեկություններ չունեի, հետագայում կապվեցի ընտանիքի անդամներից եղբոր որդու հետ։ Տեղեկացել եմ, որ ամեն ինչ հարթվել է, Ռոմանն ազատ է արձակվել։ Այս պահին ոչ մի խնդիր չկա աջակցության, օգնության անհրաժեշտության չկա»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ինչ հիմքերով է բերման ենթարկվել, Ջուլֆալակյանն ասաց, որ տեղյակ չէ. «Դատում եմ զուտ այն կադրերից, ինչը տեսնում եմ։ Բռնությունը շատ քննադատելի է, բայց այստեղ խնդիրը մեկն է, պետք է հասկանանք՝ արարքը համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից։ Կարծում եմ, որ դա համապատասխան մարմինները քննություն կանցկացնեն եւ կտեսնեն։ Պետք է հասկանանք, որ հայտնի թե ոչ հատնի, անվանի թե ոչ անվանի, պետք է ենթարկվես օրենքին։ Եթե եղել է կարգադրություն ինչ-որ բաների, ինչը տեսագրությունում չկա, եթե կիրառվել է ուժ, ապա պետք է հասկանանք՝ եղե՞լ է անհրաժեշտություն, թե՞ ոչ»։
Լրագրողը նշեց, որ համացանցում գրում են՝ «ադրբեջանցուն հաղթած մարզիկի նկատմամբ իրավունք չունեին ոստիկաններն այդպիսի գործողություններ իրականացնել», Ջուլֆալակյանն ասաց. «Կարծում եմ, որ սխալ է այդ ուղղությամբ տանել հարցը։ Եթե, օրինակ՝ հայտնի մարդը ցանկացած բնագավառում ինչ-որ օրենքի խախտում է թույլ տվել, դա իրավո՞ւնք է թույլ տալիս՝ անվանի լինելը մարդուն ապահովագրո՞ւմ է պատասխանատվությունից։ Եթե ես ու մեկ այլ ոչ հայտնի մարդ դրսում ապօրինություններ թույլ տանք, ապա պետք է հայտնին պատասխանատվության չենթարկվի, իսկ մյուսը պատասխանատվության ենթարկվի՞»։











