Այսօր էլ Երեւան քաղաքի ոստիկանական բաժանմունքում տեղ չի եղել սկսել են մոտակա՝ Էջմիածնի, Մասիսի, Արարատի բաժանմունքներ մարդկանց տեղափոխել։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

«Եղավ մի ժամանակահատված, երբ արդեն այնտեղ էլ ազատ տեղ չէր մնացել եւ մարդկանց պարզապես տանում էին, հեռվացնում էին տարածքից եւ բաց էին թողնում»,– ասաց նա։

Էնֆիաջյանի խոսքով՝ այս պահին գործի հետ կապված որեւէ մանրամասների չեն տիրապետում, միայն գիտի, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանւ ԱԱԾ շենքից դուրս է գալու. «Տեղեկատվություն ունենք, որ քիչ անց պետք է Գագիկ Ծառուկյանը դուրս գա. կսպասենք հետագա զարգացումներին»։

Հարցին, թե նո՞ւյն է մնացել ԲՀԿ–ի դիրքորոշումը՝ կառավարության կազմի 100 տոկոսով փոխվելու վերաբերյալ, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մեր մոտեցումները չեն փոխվել եւ եւս մեկ անգամ արձանագրում ենք, եթե ոլորտներում կան ձախողումներ, չկան արդյունքներ, այդ ոլորտի պատասխանատուների հետ ի՞նչ կերպ են վարվում»։

Լրագրողի հարցին, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն դիրքորոշում հայտնե՞լ է, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ, բայց տարբեր երկրների դեսպաններ անձամբ ինձ զանգահարել են, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ եմ այսօր խոսել եւ ստեղծված իրավիճակի հետ կապված դեսպաններն իրենց մտահոգություններն են հայտնում»։

Ընդդիմադիր այլ ուժերի հետ հանդիպումներ, քննարկումներ կլինե՞ն, փոխխոսնակը պատասխանեց. «Այսօր էլ, վաղն էլ եւ առաջիկա օրերին էլ տեղի են ունենալու հանդիպումներ եւ քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, նրանք զորակցություն են հայտնում եւ իրենց մտահոգությունն են հայտնում այս իրավիճակի հետ կապված։

Հարցին, եթե Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց կամ կալանավորվեց, որո՞նք են լինելու հետագա գործողությունները, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մենք գործում ենք ըստ անհրաժեշտության, ինչ եղավ անհրաժեշտ, ինչ գտանք, որ նպատակահարմար է կազմակերպել, իրականացնել, մենք դա անելու ենք»։

Ժողովրդի կողմից չընկալված, մերժված մարդկանց հետ, քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն ճանապարհ չի անցնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ն համագործակցելու է Ռոբերտ Քոչարյանի և Հանրապետականների հետ:

Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը բացառել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ համագործակցությունը:

Վահե Էնֆիաջյանը դարձյալ անդրադարձել է օրվա թեմային, նշել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործը շինծու է, որեւիցե փաստաթուղթ չկա, Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ ցուցմունք,  բողոք կամ դժգոհություն չկա, ամբողջությամբ հորինված թղթեր եւ փաստաթղթեր են․

«Օրինականության եւ խոսքի ազատության տրամաբանությունը ամբողջությամբ խախտվել է, որովհետեւ այս գործընթացները սկսվել են հունիսի 5-ի ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը խոսեց բացառապես բացթողումներից, խնդիրներից։ Մենք՝ որպես երկրի ընդդիմադիր առաջին քաղաքական ուժ եւ խորհրդարանական երկրորդ ուժ,  պետք է խոսենք,իրավունք չունենք լռելու, երբ 300-ից ավել մահ ունենք արձանագրված։ Սա ձախողման, բացթողումների արդյունք է։ Տնտեսական հեղափոխությունից են խոսում, սոցիալական իրավիճակը փոխելուց են խոսում, որեւիցե դրական դրական տեղաշարժ չկա, առհասարակ այդ օրակարգի մասին չեն խոսում եւ երկրի առաջնային հարցերը թողած, Արցախի հարցը թողած, ներքին անվտանգությունը, տնտեսական, սոցիալական, այս բոլոր հիմնահարցերը թողած՝ համար մեկ քաղաքական հարց են դարձրել երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ ռեպրեսիաներ իրականացնելը», ասել է Վահե Էնֆիաջյանը։

ԱԺ փոխնախագահն ասել է, որ ինքն  անձամբ հավատարմության  փաստաթուղթ չի գրել․

«Եթե հավատարմության մասին ենք խոսում, եթե մի մարդ կա, որ անհավատարիմ է եւ պատրաստ է դավաճանելու եւ բարոյականությունից զուրկ քայլեր անելու, ուզում է 10 չէ, 100 հատ փաստաթուղթ գրի ու ստորագրի, իր անելիքը անելու է։ Երբեք մեր քաղաքական թիմում ստիպողաբար որեւիցե քայլ եւ գործողություն չի իրականացվել։ Որեւէ մեկը կաշկանդված չի եղել իր կարծիքը կամ դիրքորոշումը հայտնելու։ Ռեյտինգային ընտրակարգով որ կազմակերպվել են ընտրությունները, մարդիկ որոշակի ակնկալիքներ կամ պատկերացումներ են կազմել իրենց ռեյտինգը հաշվի առնելով տվյալ ընտրատարածքներում։ Դա է եղել պատճառը, որ այսքան կամ այնքան ձայն են ակնկալել։ Դուք երբեւիցե չեք լսե՞լ, որ խորհրդարանական ուժի ներկայացուցիիչները կամ քաղաքական գործիչները հայտարարում են, որ հաղթելու են այսքան տոկոսով»։

Վահե Էնֆիաջյանը նկատել է, որ այսօր առավոտից  Ազգային ժողովի դիմաց,  Երեւանի այլ վայրերում եւ մարզերում մարդիկ  ընդվզել են եւ իրենց դիրքորոշումն ու կարծիքն են հայտնել վերջին զարգացումների շուրջ․

«Եվ այդ մարդկանց բերման են ենթարկել՝ պատճառաբանելով արտակարգ դրությունը,  քիչ առաջ էլ լրագրողների աչքի առաջ մարդկանց, որոնք եկել էին այստեղ իրենց կարծիքն ասելու, զորակցություն հայտնելու կամ պարզապես անցորդ էին, տարան ոստիկանություն։ Մարդիկ կան՝ երեք անգամ օրվա մեջ բերման են ենթարկվել, արդեն ընդհանուր թվով այս մի քանի օրվա մեջ հազարից ավել մարդ հայտնվել է ոստիկանությունում»։

Գագիկ Ծառուկյանի կալանավորվելու դեպքում կուսակցության ղեկը ստանձնելու մասին հարցին ի պատասխան Վահե Էնֆիաջյանն ասել է, որ այժմ այդպիսի հարց օրակարգում չունեն․

«Թիմով ենք ամեն ինչ որոշել եւ որոշում, այսօր էլ մեր բոլոր որոշումների հիմքում ընկած է լինելու թիմի մեծամասնության կարծիքը»։

ԲՀԿ ներկայացուցչի խոսքով՝ կուսակցության  առաջադրած այն թեզերի, որ երկրում ձախողումներ են գրանցվում, եւ առհասարակ ստեղծված իրավիճակի շուրջ համախմբում է անհրաժեշտ․

«Միայն հինգ քաղաքական ուժի մասով պետք չէ արձանագրել այս փաստը, վստահեցնում եմ ձեզ, որ տասնյակ ՀԿ-ներ, գործիչներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդ որում՝ նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այս  իրավիճակի հետ կապված իրենց գնահատականներն են տալիս»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀԿ-ի հետ գործակցության հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան, Էնֆիաջյանն ասել է, որ «ժողովրդի կողմից չընկալված, մերժված մարդկանց հետ, քաղաքական ուժերի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ճանապարհ չի անցնելու»։

Հարցին՝ նրանք մերժվա՞ծ են ժողովրդի կողմից, Էնֆիաջյանը կրկնել է իր խոսքերը:

Միքայել Մինասյանի՝  ժողովրդի կողմից մերժված լինել-չլինելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Վահե Էնֆիաջյանն ասել է, որ որեւէ  մեկի անուն-ազգանունը չի ասելու, որ որեւէ մեկին ոչ հերոսացնի, ոչ թիրախավորի, ոչ էլ ավելորդ մեկնաբանությունների տեղիք տա։

Իշխանության ներկայացուցիչների պնդմանը, թե Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթացն առնչություն չունի հունիսի 5-ի նրա հայտարարության հետ, ԱԺ փոխնախագահը հակադարձում է՝ ժամանակագրությունից ամեն ինչ հստակ է դառնում․

«Ասում են՝ մի քանի ամիս առաջ քրեական գործեր են հարուցել։ Ի՞նչն էր պատճառը, որ այդ մի քանի ամիս առաջ հարուցված գործերի հետեւից չեն գնացել։ Ամսի 5-ին Գագիկ Ծառուկյանից սուր գնահատականներ են հնչել եւ այդ սուր գնահատականներից հետո ամբողջ «Իմ քայլը» խմբակցության  եւ  կառավարության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով որեւէ  քաղաքական մեկնաբանություն չանելով, անձնական վիրավորանքներ հասցնելով՝ խոսել են, դրան հաջորդել է այս քրեական գործը։ Եթե քրեական գործին Ծառուկյանի որդին էլ էր առնչվում, ինչո՞ւ մինչեւ այս չէր այդ ամենը տեղի ունենում»։

Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է նաեւ ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանին բերման ենթարկելու մասին․

«Ռոման Ամոյանը, այլ մարզիկներ մեր երկրի պարծանքն են, չարչարված, քրտինք թափած մարդիկ են, այդ մարդիկ նման վերաբերմունքի արժանի՞ են։

Կոնկրետ մեկ օրինակը բերեցի որպես փաստ, բայց համընդհանուր այդ մթնոլորտն է։ Ի՞նչ նպատակ ունեն ոստիկանության այդ անհամաչափ գործողությունները»։

Հեղափոխությանն աջակցելու համար ափսոսանքի խոսքեր, Էնֆիաջյանը չի ցանկանում ասել․

«Որովհետեւ այն ոգեւորությունը, որ եղել է մեր ժողովրդի մեջ, այն սպասումները, որ եղել են, դրանց մասին ափսոսանքով չեմ կարող խոսել։ Բայց կարող եմ ափսոսալ մի բանի համար, որ կարող էր իրոք երկրում տնտեսական հեղափոխություն լինել, թավշյա մթնոլորտ, քաղաքական նոր մշակույթ ձեւավորվել, բայց այդ մշակույթը այսօր չենք կարողանում արձանագրել,այ դրա համար կարելի է ափսոսանք հայտնել»։