Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության բավարարումը մերժելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:
Դատարանը նախորդ նիստում լսել էր երկրորդ նախագահի փաստաբաններին, այսօր կլսի փաստաբան Ռուբեն Սահակյանին, կամ նրա միջնորդությունը կներկայացնեն գործընկերները:
Նիստը սկսվելուց հետո պարզվեց, որ ինչպես նախկինում, կողմերը մտադիր չեն միջնորդել որեւէ մեկի ինքնաբացարկի համար: Փաստաբան Հայկ Ալումյանն ընթերցեց գործընկեր Ռուբեն Սահակյանի հաղորդագրությունը, որի համաձայն նա Ալումյանին լիազորել էր կարդալ իր միջնորդությունը:
Նախորդ նիստում դատավորը հետաքրքրվել էր անձնական երաշխավորությունը ներկայացրած անձանց հետ հարաբերությունների հետ կապված որոշ հարցերում Ռոբերտ Քոչարյանի կարծիքով: Երկրորդ նախագահն այս նիստին ներկա է, որ պատասխանի դատավորին հետաքրքրող հարցերին:
Փաստաբան Արամ Վարդեւանյանը տեղեկանք ներկայացրեց նախկին նախագահին նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ կապող հարաբերությունների վերաբերյալ:
Փաստաբանները միջնորդագիր են ներկայացրել երաշխավորողներին դատարան հրավիրելու վերաբերյալ: Քննարկումից հետո դատարանը որոշեց, որ դրանում անհրաժեշտություն չկա: Դատավորի հարցերին պատասխանելուց հետո Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ դուրս եկավ դատարանի դահլիճից:
Փաստաբան Հայկ Ալումյանն ընթերցեց գործընկերոջ միջնորդությունը: Նա մանրամասն ներկայացրել էր առաջին ատյանի դատարանում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունները: Փաստաբանի խոսքով՝ դատավարության ժամանակ 89 օր նիստերը հետաձգվել են հենց դատավորի պատճառով՝ նա կա՛մ արձակուրդում էր, կա՛մ բացակայում էր հիվանդության պատճառով: Դատարանն իր որոշման մեջ չի վերլուծել մինչեւ ձերբակալվելը Քոչարյանի վարքագիծը, հաշվի չի առել այն փաստը, որ նա ինքն է վերադարձել երկիր, իսկ լինելով ազատության մեջ՝ առանց խափանման միջոցի կամ չհեռանալու ստորագրությամբ, չի դրսեւորել քննությանը խոչընդոտելու աննշան նշաններ:
Անձնական երաշխավորությամբ ազատելը մերժելը ընդհանրապես ոչ մի կերպ չի հիմնավորվում, ինչը հակասում է Եվրոպական դատարանի պահանջներին: Այսպիսով՝ դատարանի որոշումները կամայական են եւ հակասում են Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ազատելու մերժումը, չնայած միջազգային կազմակերպությունների կոչին՝ հնարավորության սահմաններում ձերբակալվածներին եւ կալանավորվածներին ազատելու մասին, դատարանը պետք է հիմնավորեր նույնիսկ համավարակը հաշվի առնելով Քոչարյանի ազատության մեջ մնալու ռիսկի աստիճանով, ինչը չի արվել:
Ինչ վերաբերում է մենախցում պահելու մասին պնդումներին, ապա դրանք հիմնավոր չեն, քանի որ ՔԿՀ-ում գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է մշտապես շփվել աշխատակիցների հետ: Դատարանը հաշվի չի առել նաեւ այն, որ նրան դատարան են բերում աշխատակիցները, որոնք նույնպես կարող են վարակված լինել: «Դուք տեսաք, որ նա դահլիճ մտավ երկու ոստիկանների ուղեկցությամբ, որոնք հասկանալի պատճառներով մոտ հեռավորության վրա էին»,- նշեց նա:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ինչպես նաեւ այս գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց հավասար վերաբերմունքի սկզբունքի կարեւորությունը եւ հիշեցրեց, որ կա այլ դատարանի որոշման նախադեպը, որի համաձայն՝ նույն գործով, համանման հոդվածով մեղադրվող ամբաստանյալների նկատմամբ ընտրվում է համանման խափանման միջոց:











