Ես գերազանց եմ գնահատում ԲՀԿ-ի այդ երկու նախաձեռնությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ նախաձեռնությունները, որոնց միանալու կոչ են արել «Լուսավոր Հայաստանին», կորոնավիրուսի հետ կապված իշխանության քայլերն ու գործողությունններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև արտակարգ դրության ռեժիմում հավաքների արգելքը հանելու, արգելքի իրավաչափության հարցով, անհրաժեշտ ստորագրությունների դեպքում, Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված։
«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, մենք կկարողանանք նաեւ քննել այն լուրերը, որ տարածում են ձեր նշած կուսակցությանը մերձ խմբերը, որ իբր կորոնավիրուսը գոյություն չունի, որ դիմակ կրել ընդհանրապես պետք չի: Պատգամավորներ կան նույնիսկ, որ դիմակ չեն կրում: Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե արդյոք դա միտումնավոր է արվում, ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու եւ այս իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, թե դրանք պարզապես ասեկոսներ են»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ԱԺ փոխնախագահն ասաց, որ դրան նույնպես լավ է վերաբերվում. «Վերջիվերջո պետք է կոորդինատների ճշտում տեղի ունենա: ՍԴ-ի հետ կապված բոլոր պարագաներում ձեր նշած գործընկերները խոսել են այն մասին, որ իրենք համաձայն են, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրը գոյություն ունի: Բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Հրայր Թովմասյանին, որ նա լուծում տա: Սրանով կոորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի: Մի քիչ վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցը մենք մինչ այդ արդեն լուծում տված չենք լինի եւ այս կազմը կքննի: Ես դրա հետ կապված կասկածներ ունեմ»,-հայտարարեց Սիմոնյանը:











