ՀՀ-ում օրենքի գերակայություն է, բոլորը հավասար են օրենքի առջեւ. այդ եզրը շատ բարակ է, որ քաղաքական գործիչը կամ ԱԺ պատգամավորը կարող է յուրաքանչյուր օրենք խախտել եւ հենց դատախազի դիմի ԱԺ-ին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, հայտարարել, որ սա քաղաքական հետապնդում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Մենք պետք է հասկանանք՝ արդյոք ՀՀ-ում ընտրակաշառքը բաժանվել է, թե ոչ: Կա՞ տենց տեղեկություն, դուք դրա մասին իմացե՞լ եք: Մենք բոլոր լրատվամիջոցներում դրա մասին տեսել ենք, ու հիմա միակ ցավոտ բանն այն է, որ այս պահի դրությամբ միայն այս դեպքն է բացահայտվել, բայց որեւէ մեկի մոտ կասկած չլինի, որ մնացած բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են:
Ի դեպ, այս դեպքը բացահայտվել է մեր կառավարության անդամի հետ կապված քրեական գործի շրջանակներում իրականացված խուզարկության ընթացքում:Այսինքն չի եղել կոնկրետ գործ կոնկրետ կուսակցության կամ կոնկրետ անձի հետ կապված:
Նաեւ ուզում եմ նշել, որ հեղափոխությունից հետո մեր իշխանության առնվազն երեք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ կապված քրեական գործեր կան, եւ դրանք ընթացքի մեջ են: Հիմա դա նույնպե՞ս քաղաքական հետապնդում է, դա նույնպես սարքվա՞ծ է: Հենց այդ գործերից մեկի շրջանակներում ի հայտ են եկել տեղեկություններ ընտրակաշառքների վերաբերյալ: Հիմա քննչական մարմինները պետք է ասեին՝ դե, քանի որ դա վերաբերում է ԱԺ պատգամավորներից մեկին, դա դնենք մի կո՞ղմ:
Գուցե նախկինում այդպես է արվել, գուցե անցյալում քաղաքական հայտարարությունները արվել են քաղաքական սակարկումներով նաեւ քրեական գործերով ինդուլգենցիաներ ստանալու համար: Դա բոլորը գիտեն:
Այս դեպքում՝ նման որեւէ բան ասել չի կարելի նաեւ ժամանակագրական առումով, որովհետեւ քրեական գործը եղել է հարուցված շատ ավելի շուտ, քան Ծառուկյանի հայտարարությունը»,-ասաց Ալեն Սիմոնյանը:











