Ես շատ լավ եմ վերաբերվում այդ համախմբմանը, թող բոլորով հավաքվեն մի տեղ, որ ՀՀ քաղաքացին իմանա՝ ով ով է: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ կարծես համախմբվելու փորձեր են անում ԲՀԿ-ն, «Հայրենքը», ՀՅԴ-ն ու «Մեկ հայաստանը»:

«Հեղափոխությունից հետո մենք ունեցել ենք դիմադրության մի քանի փուլեր. ակզբից Սերժ Սարգսյանի  հրաժարականից հետո Կարեն Կարապետյանի կողմից մի պահ փորձ արվեց իշխանությունը վերցնելու, հետո ԱԺ-ում փորձեցին վարչապետին չընտրել եւ այդ փուլերը շարունակվում են: Այսօր այդ բեկորները եթե հավաքվում են մի վայրում, դա լավ է եւ միայն ուժեղացնում է  իշխանությանը: Այս օրերին մեզ բազմաթիվ քաղաքացիներ գրում են, ասում են՝ էս մեկն էլ արեք:

Այսինքն քաղաքական դաշտը վերջնականապես պետք է ազատվի նախկիններից, որ դուք էլ մեզ չմեղադրեք, որ հերիք է անընդհատ նախկիններին օրինակ բերեք: Թողո՞ւմ են, որ իրենց մասին չխոսենք: Քաղաքական դաշտը, ընդդիմադիր դաշտը մասնավորապես պետք է լինի նոր մարդկանցով, նոր քաղաքական ուժերով լցված, որոնք ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը»,-ասաց նա:

Հարցին, թե հիմա հեղափոխությունը չի՞ ավարտվել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Հեղափոխությունն իր տարբեր փուլերով ավարտված է, բայց այս քաղաքական ռեւանշիստական փուլով, երբ Սերժ Սարգսյանի կուսակցությունը երեկ դեռ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ դեռ քաղաքացիների հետ իրենց անկեղծ զրույցի ժամանակը գալու է… անկեղծ զրույցի ժամանակն անցել է: Եթե իրենք իրենց թույլ են տալիս քաղաքական ակտիվություն ցուցաբերել, մտածել, որ կարող են մարդկանց հերթական անգամ խաբել, մենք այդ բանը թույլ չենք տալու եւ մարդիկ էլ թույլ չեն տալու»: