Պարետատունը չի կարող սահմանափակել մարդու իրավունքները, այլ միայն որպես խորհրդատվական մարմին պետք է օգնի կառավարությանը: Այս մասին հունիսի 17-ին «Քաղաքական տնտեսություն» հետազոտական ինստիտուտի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
Ըստ նրա՝ պարետն իրավունք չունի ենթաօրինական ակտեր ընդունել, քանի որ ոչ Սահմանադրությունը, ոչ էլ խորհրդարանը նրան այդ իրավունքը չեն տվել, չնայած վերջինի դեպքում նման փորձեր եղել են: «Սահմանադրությամբ նախատեսված չէ, որպեսզի պարետը որոշումներ ընդունի, որոնցով մարդու իրավունքները կսահմանափակվեին: Ուստի պարետի որոշումներն ապօրինի են եւ չեն կարող հետեւանքներ ունենալ:
Այնուամենայնիվ քաղաքացիները եւ տնտեսվարող սուբյեկտները սահմանափակումների են ենթարկվում եւ միլիարդավոր դրամների վնասներ են կրում, եւ երբ այդ մարդիկ փորձեն վերականգնել իրենց կորուստները դատական կարգով, ապա վնաս կկրի կրկին պետությունը, այլ ոչ թե նրանք, ովքեր այսօր նման որոշումներ են կայացնում: Քանի որ գործող իշխանությունները կհեռանան, եւ դրան այլընտրանք չկա, ապա ամբողջ բեռը կընկնի երկրի հաջորդ իշխանությունների վրա»,- նշեց Բաբայանը:











