Իշխանությունը ներդնում է քաղաքական ընդդիմախոսությանը բռնաճնշումների մեթոդով պատասխանելու մշակույթը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին բողոքի ակցիաները թույլ չտլու ոստիկանության գործողություններին:
«Ակնհայտ է, որ երեկվա նաեւ կիրակի օրվա գործողություններում հիմնական մեղավոր կողմը իշխանությունն է: Կիրառված ոչ իրավաչափ եւ ոչ համաչափ ֆիզիկական ուժը ոստիկանական զորքերի կողմից դատապարտելի է, առավել եւս դա կատարվում է իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ: Օրենքի կոպտագույն խախտում է, երբ հավաքի ժամանակ անձին հենց այնպես տանում են: Ասում են՝ ցրվեք, բայց որեւէ իրավական հիմք չկա ցրվելու»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ արտակարգ դրության կանոններն արգելում են հավաքներ կազմակերպել, Արծվիկ Մինասյանն ասաց. «Արտակարգ դրությունը չի բացառում այդ իրավունքի իրացումը: Արտակարգ դրության հիմք եղել է այդ երեք կանոնների պահպանումը: Ոն որ հիմա գան, ասեն՝ ցրվեք, որովհետեւ այստեղ 7 հոգի մարդ կա հավաքված: Սա անտրամաբանական վարքագիծ է: Այդ վարքագիծը չարաշահվում է իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում են իրենց նեղ, փոքր, մանկական երազանքներն իրականացնել մարդկանց նկատմամբ ճնշումների միջոցով:
Անհասկանալի է, որ օլիմպիական չեմպիոնին ձեւական բանի համար պառկեցնում ես ասֆալտին: Սա տիրակալի ձգտման դրսեւորում է: Եթե հանրությունը չմիավորվի բացառելու այս գործողությունները, շատ շուտով կունենանք մի իրավիճակ, որ տանն անգամ ընտանիքի անդամի հետ խոսելը կդատապարտվի ամենախիստ ձեւով»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:











