Ձեր ամբողջ կենսագրության ընթացքում, 20 տարի երկու պետականության առաջին դեմքն եք եղել, որեւէ մեկը կարո՞ղ է Ձեր խոսքը դրժել, Ձեր խոսքին դեմ բան ասել, չենթարկվել, ինչպե՞ս կվերաբերվեիք այդ երեւույթներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ երկրորդ նախագահին հարցրեց նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը։
Հարցից հետո դատավորը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի. «Ի վերջո դատական ակտի ենթադրությունը, որ ռիսկեր է պարունակում վարույթի համար, խոչընդոտման ենթադրությունն է։ Այսինքն կարող եք ներազդել վկաների, տուժողների եւ այլ անձանց վրա եւ վերջիններս կարող են փոխել իրենց ցուցմունքները կամ որեւէ կերպ խանգարեն։ Դրա հիմքում ընկած է նաեւ Ձեր բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, ինչպես նաեւ Ձեր հոգեկերտվածքն ու Ձեր էությունը։ Կցանկաայի հասկանալ Ձեր վերաբերմունքն այդ երեւույթին»։
Երկրորդ նախագահն էության մասով նշեց, որ որոշակի թյուրըմբռնում կա, թե ինքն այն մարդն է, որը միայնակ է որոշում կայացնում. «Ձեզ ասեմ՝ ինձ հետ ամենից լավ աշխատած պաշտոնյաները նրանք էին, ովքեր իրենց մեջ համարձակություն էին գտնում վիճել։ Որոշումների որակը դրանից էր կախված եւ ամենից մեծ հարգանքն ունենում էի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք կարող էին չհամաձայնվել, կարծիք ասել։ Այդ որոշումների որակը գալիս է նրանից, որ կարծիք է լսվում եւ բավական լուրջ, խորը քննարկումներ են լինում։ Նախագահը չի կարող բոլոր ոլորտների մասնագետը լինել։ Այդկերպ չէ, հակառակը երբ դիմացինի մեջ տեսնում ես մի մարդու, որը պատրաստ է հակադրվել, արդեն իսկ հարգանք ես տածում այդ մարդու նկատմամբ։ Թյուրըմբռնումը կա եւ հասկանում եմ, որ դա միգուցե որոշակի արտաքին ժեստերի լեզվով եւ այլն։ Ընդունում եմ, որ այդ խնդիրը կա եւ այդ հարցը Ձեր մոտ պետք է առաջանար։
Ինչ վերաբերում է վկաների կամ տուժողների վրա ազդելուն, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Երբ ասում են՝ բարձր պաշտոն ես զբաղվեցրել եւ կարող ես ազդել մարդկանց վրա, ապա իմ մոտ հակառակն է. պետք է հասկանանք, որ այդ բարձր պաշտոնն ու կենսագրությունը քո վրա լրացուցիչ պարտավորություն է դնում՝ որեւէ բան չանել։ Մարդն իր անունն ու իր նկատմամբ վերաբերմունքը քարը քարին դնելով ամբողջ կյանքն է կառուցում։ Ինձ համար զարմանալի է , երբ դատախազությունն իմ պաշտոնավարման հանգամանքն օգտագործում է որպես մարդկանց ճնշելու հնարավորություն։ Ինձ համար սա մի գործոն է, որը բացառում է, որ կարող եմ մի բան անել, որից ամաչեմ»։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու 3 միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաեւ՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները, որի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։











