Կարող եմ ասել, որ կորոնավիրուսի հետ կապված պաշտոնանկությունների մասին որ ասում էի, դրանք եղել են  ինչ-որ առումով կուլմինացիա, բայց այդ պաշտոնանկությունների մեջ նաեւ որոշակի դեր է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի այս պրոցեսը: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի, Նվեր Ծառուկյանի, Սեդրակ Առուստամյանի եւ Կարապետ Գուլոյանի հետ կապված գործերի բացահայտմանը, նաեւ վերջերս ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին: 

«Ես քննչական որոշ մարմիններում ես զգացել եմ, որ արհեստականորեն կոռուպցիոն գործերը առաջ չեն գնում: Ուզում եմ հիշեցնել, որ այդ հայտարարությունը (նկատի ունի Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի հայտարարությունը-խմբ) հնչել է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ում արդեն մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել, փոխվել էր քննչական վարչության ղեկավարը եւ այսօրվա տնօրենը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Այս ընթացքում իրավապահ համակարգերում մենք ունեցել ենք մեծ պրոբլեմ: Առավոտյան իրավապահները գնում էին խուզարկության, տեսնում էին տանտիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց»,-ասաց վարչապետը՝ ըստ էության ակնարկելով, որ իրավապահ կառույցներից արտահոսքեր են լինում: