ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում է, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության հարցը։
«Այսօր մենք այստեղ գտնվում ենք այստեղ քաղաքական համերաշխություն հայտնելու նպատակով։ Երեկ մեր կողմից տրված հայտարարության մեջ ամբողջովին գնահատականները տրված են»,- ասաց Վանեցյանը։
Հարցին՝ ի՞նչ գնահատական կտա ինքը Ծառուկյանի շուրջ ստեղծված այս գործընթացին, Վանեցյանը պատասխանեց. «Երեկ եղել է քաղաքական հայտարարություն՝ 3 քաղաքական ուժերի կողմից, որտեղ ամբողջովին արտացոլված են մեր մոտեցումներն այս գործին եւ ընդհանուր առմամբ երկրում տիրող իրավիճակի հետ կապված»։
Լրագրողի ճշտող հարցին, մասնավորապես, գործի վերաբերյալ ինքն ի՞նչ կարող է ասել, Վանեցյանն ասաց. «Միանշանակ այդ գործն ունի քաղաքական ուղղվածություն։ Սրանով փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու։ Գլխավոր դատախազը, որը ներկայացրեց մեղադրանքները, որեւէ կերպ չկարողացավ համոզել թե հանրությանը, թե ինձ, որ մեղադրանքը հիմնավոր է»։
Հարցին՝ ինչո՞ւ է ինքը վստահ, որ քաղաքական ուղղվածություն ունի այս գործընթացը, եւ, դիտարկմանը, որ հիմքերը դեռեւս ներկայացված չեն, Վանեցյանն ասաց, որ այն հիմքերը, որոնք ներկայացվել են հանրությանը, հիմք է տալիս ենթադրելու, որ այդտեղ չկան հիմնավոր ապացույցներ. «Չկա ցուցմունք. այդ հարցին չպատասխանեց գլխավոր դատախազը, ուստի այն ինչը ունենք, հիմք է տալիս ենթադրելու, որ բացակայում է հիմնավոր կասկածը պարոն Ծառուկյանի մեղադրանք առաջադրելու համար»։











