Այսօր բազմաթիվ մարդիկ դիմում են, որ ընդգրկվեն ԲՀԿ-ի մեջ: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Իշխանությունները տեսնելով մարդկանց վերաբերմունքը մեր նկատմամբ, փորձում են PR քայլերով կամ ապացուցել հակառակը, կամ կեղտոտ տեղեկատվական սլիվներ անել: Չի ստացվի, որովհետեւ նույնիսկ սուտը, նենգափոխությունը, տեղեկատվական աղբը ունի որոշակի մի չափ, որից հետո չի ազդում մարդկանց վրա»,-ասաց նա:
Հարցին, թե խմբակցության ղեկավար ով կլինի Գագիկ Ծառուկյանի փոխարեն, Արման Աբովյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը չի փոխվելու, չի փոխվել եւ նպատակ էլ չունենք. նա եղել է, կա եւ կմնա մեր խմբակցության եւ կուսակցության ղեկավարը` ցանկացած պարագայում:
Որտեղ գտնվի պարոն Ծառուկյանը, հավատացնում եմ ձեզ, օպերատիվ կառավարման բոլոր լծակները մեր կողմից մտածված են եւ բնավ ոչ մի խնդիր մենք չենք ունենա»:











