Արթուր Վանեցյանի հետ հանդիպումները, որոնք եղել են, կան, կլինեն, բավականին լուրջ քաղաքական պրոցես են գեներացնում, դա շատ նորմալ է քաղաքական այս իրավիճակում: Այս մասին այսօր`հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` խոսելով ԲՀԿ-ի եւ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի համագործակցության մասին:
«Մենք բոլոր ուժերի հետ պատրաստ ենք հանդիպել, բացի այն մարդկանց, կամ քաղաքական ուժերի հետ, ում ժողովուրդը չի ընդունում: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան փորձում են ներկայացնել»,- նշել է պատգամավորը:
Անդրադառնալով նրան, որ Գագիկ Ծառուկյանը հայտնի իր հայտարարությունից առաջ հանդիպում է ունեցել Արթուր Վանեցյանի հետ, հարցին, թե արդյոք ի՞նչ նպատակ է այն ունեցել, Արման Աբովյանը նշեց, որ իրենց կուսակցությունը երբեք սեւերի եւ սպիտակների տարանջատում չի արել եւ հիմա էլ չի անում. «Պարոն Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել բոլոր այն մարդկանց հետ, ում հետ գտել է, որ պետք է հանդիպել կամ ինչ- որ պրոցեսներ են տեղի ունեցել, մենք հո ռոբոտ չե՞նք:
Այսօր իշխանությունը զգում է, որ նա տանուլ է տվել գաղափարական այն հենքը, որի վրա փորձում է կառուցել որոշակի կոնստրուկցիա եւ հիմա ցնցումների մեջ է»:
Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի առանձնատանը ԱԱԾ աշխատակիցները փորձել են դեպի Բելառուս տանող թունելներ փնտրել, վերջինս պատասխանեց. «Երբ կարդացի այդ մասին, առաջին տպավորությոունը անեկդոտի նման էր: ԱԱԾ-ին մի քիչ ավելի կրեատիվ է պետք ավելացնել, ավելի հետաքրքիր բաներ է պետք հորինել: Իսկ ինչո՞ւ ցույց չտվեցին թունելները: Դա աբսուրդի հասնող ապուշություն է: Չզարմանաք, եթե վաղն ԱԱԾ-ն հայտարարի, որ այնտեղ գտել են այլմոլորակայինների բազա, կամ անցյալից եկած ինչ-որ մարդիկ, կամ տիեզերանավ, չզարմանաք, ամեն ինչի սպասեք»:











