Եթե երկիրը վարի է գնում, եւ ԲՀԿ-ն անդմագրման դիմումների հոսք ունի, դա նշանակում է, որ ամեն ինչ լավ, է դեռ հույս կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ժպտալով նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարություններին, թե երկիրը վարի է գնում եւ իշխանություններն անջատված իրենք էլ չգիտեն, ինչ են անում, մինչդեռ ԲՀԿ-ում այս օրերին զանգվածային անդամագրվելու հայտեր են ստացվում:
«Իրականում ժպիտով եմ վերաբերվում, որովհետեւ միգուցե Արման Աբովյանի աշխարհը փլվում է, իր գործընկերների աշխարհը փլվում է, որտեղ իրենք ապրել են, բարգավաճել են, թղթեր են ստորագրել, երդումներ են տվել: Այդ աշխարհը փլվում է, որովհետեւ ՀՀ-ում այլեւս օրենքը միանշանակ բոլորի համար է, եւ ԱԺ դահլիճը, ինչպես նաեւ պատգամավոր լինելը չի կարող ինդուլգենցիա հանդիսանալ քրեական հանցագործություններ անելու համար: Եթե կա կասկած, եւ դատախազը, ի դեպ, իրենց կողմից միաձայն քվեարկված դատախազը դիմում է ԱԺ-ին, ապա մենք պետք է դատախազին հնարավորություն տանք, որ գործը քննվի: Իմ հետ էլ են եղել դեպքեր, երբ ինձ ինչ-որ բանի մեջ մեղադրել են, նույնիսկ եղել է, որ դիմել են քննչական մարմիններին: Ես ուրախ եմ եղել, որովհետեւ նման պարագաներում գործը քննվում է, լինում է վճիռ կամ եզրակացություն եւ այդ թեման փակվում է:Եթե դու անմեղ ես եւ ոչինչ չունես թաքցնելու, դա միայն քո համար է եւ միայն ապացուցում է այն, ինչ պետք է լիներ:
Հետեւաբար, կարծում եմ, որ անձի պաշտամունքի վրա հիմնված այդ պանիկան, այդ իրար հերթ չտալով հավատարմությունն ապացուցելու եւ բոլոր հնարավոր հնարքներն օգտագործելու տրամաբանությունը խալ է: Ի վերջո, որքան էլ ես խոսեմ, ինչքան էլ պարոն Աբովյանը կամ որեւէ մեկը խոսի, ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն, թե ով ինչ է արել Հայաստանում ընտրությունների ժամանակ, ով ինչով է զբաղվել եւ ինչ է կատարվում ՀՀ-ում հիմա»,-ասաց Ալեն Սիմոնյանը:











