Ես ցավում եմ, որ նորից գնում-գնում, գալիս են այդ ջարդած տաշտակի շուրջը հավաքվում են բոլորով: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ բացի ԲՀԿ-ից, կառավարության հրժարականը պահանջում են նաեւ Արթուր Վանեցյանը, Միքայել Մինասյանը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն:

«Այն մարդիկ, որոնք այսօր աշխատում են չակերտավոր  «ընդդիմության» կայացման մեջ, իրենք ինչ էլ ստեղծեն Սերժ Սարգսյան է ստացվելու: Իրենք պետք է հետեւություն անեն: Նոււյն ճանապարհով գնալը նույն ձեւով աշխատելը որեւէ արդյունք չի տալու: Թող բոլորով պահանջեն, ինչքան իրենք եւ իրենց պես քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնքան մեր վարկանիշը բարձրանալու է: Իրենք պետք է ազատեն ընդդիմության դաշտը: ՀՅԴ-ի այսօրվա վերնախավը, Արթուր Վանեցյանը Արա Սահակյանի՝ իր սանիկի եւ այն կազմով, որով ներկայանում է, աշխատում է իր տարբեր գործընկերների հետ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ԲՀԿ-ի մեր գործընկերները... ընդդիմադիր դաշտը այլեւս պետք է ազատ լինի նոր մարդկանց համար, չվարկաբեկված մարդկանց համար, որոնք կապ չեն ունեցել նախկին իշխանությունների հետ, որոնք չեն սպասարկել եւ չեն սպասարկում այլ երկրների շահեր ՀՀ-ում, որոնք ուզում են քաղաքականությամբ զբաղվել ոչ թե իրենց ամբիցիաները բավարարելու, ոչ թե քրեական գործերից իրենց պաշտպանված զգալու, այլ ՀՀ-ում խնդիրների լուծման այլ տարբերակներ առաջարկելու համար:

Ես ձեզ խոստանում եմ, որ ՀՀ ընդդիմադիր դաշտը ազատվելու է նոր ուժերի համար, որոնք կգան եւ որոշ ժամանակ անց կփոխարինեն նաեւ ինձ»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը: