Եթե չեմ սխալվում պարոն Վանեցյանը առանձնատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե աշխատանքի ինչ ոճ է առաջարկվել եւ որդեգրվել, երբ ինքն անցել է աշխատանքի. Ասել է, որ վարչապետն իրեն ասել է՝ իրեն որեւէ բան չզեկուցվի, շարժվի միայն օրենքով, ինչն ինքն ընդունել է: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական պատվեր է, ինքը ժամանակին չի կատարել քաղաքական պատվեր, եթե կատարեր, մինչեւ հիմա ԱԱԾ տնօրեն կլիներ:
«Հիմա պարոն Վանեցյանը պետք է ընտրություն կատարի շատ կարճ ժամանակահատվածում բավականին հաճախ արվող իր կողմից իրարամերժ հայտարարությունների միջեւ: Կարծում եմ՝ լինելով նոր մարդ քաղաքական դաշտում, ինքը դեռ շատ հարցերում անփորձ է եւ պետք է իմանա, որ երբ հայտարարություն ես անում, այդ հայտարարությունները հետագայում կարող են իրար հակասել, եթե դու դրանք փոխում ես:
Ես մի բան կարող եմ ասել, որ դեռ շատ ժամանակ պետք է անցնի, որ իր այդ կուսակցությունը հավակնություններ ունենա եւ լուրջ քաղաքական պայքարի դուրս գա»,-ասաց Ալեն Սիմոնյանը:











