Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, դատարանը հեռացել է խորհրդատվական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրից դուրս գալով, ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Մենք գտնում ենք, որ այս մակագրությունների կարգը միջդատական վարույթների հետ կապված, որոնք տեղի են ունենում ՀՀ–ում, այսինքն դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է որեւէ դատավորի եւ մակագրությունն իրականացնում  է, գտնում ենք, որ սա ի սկզբանե խախտում է արդար դատաքննության իրավունքը, որովհետեւ չի ապահովվում այն երաշխիքը, որ պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը, չի կարող այնպես լինել, որ  որ պետությունը, այս դեպքում դատարանի նախագահը որոշի իր նախընտրած դատավորին տալ»,– ասաց նա։

Սարգսյանի խոսքով՝ Շենգավիթի դատարանում բացառությամբ 2–3 դատավորի մնացած մասով ակնհայտորեն միշտ խնդիր է լինում. «Կան կոնկրետ դատավորներ, որոնց մասով միշտ խնդիր կա։ Բազմաթիվ փաստաբաններ պարբերաբար ահազանգում են, որ օրինակ վարույթ իրականացնող մարմինները ձգտում են իրենց համար խիստ կարևոր գործերով կալանավորման միջնորդությունները ներկայացնել այնպիսի ժամկետներում, երբ Երևանում հերթապահություն է իրականացնում Շենգավիթի նստավայրը, երկրորդը՝ Կենտրոնի նստավայրը, դրանցից հետո նոր Ավանի նսավայրում։ Այսինքն՝ կան որոշակի դատավորներ, որոնք կարծես թե դատարանի նախագահը նախընտրում է մակագրություններ անի։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է համակարգչով լինի, այսինքն՝ ծրագիր է լինում, որը պատահականության սկզբունքով պետք է ընտրի։ Այդ ծրագիրը պետությունը ոչ մի կերպ չի ներդնում»։

Նա նշեց, որ ողջամիտ ժամկետ են խնդրել դատարանից, որպեսզի պաշտպանները կարողանան լիարժեք պաշտպանվել. «Երեկ այն ժամկետը, որը ուզել ենք՝ դատարանը չտրամադրեց։ Մենք 3 օր ժամկետ էինք ուզում, սակայն դատարանը տրամադրեց 18 ժամ, որից 9 ժամը գիշերային ժամանակ է։ Պետք է ծանոթանայինք ամբողջ նյութերին, պատրաստեինք գրավոր առարկություններ, ապացույցներ պատրաստեինք։ Մենք այսօր դատարանում հայտնեցինք, որ հսկայական աշխատանք ենք արել, որը կներակայցնենք եւ բոլորի համար պարզ կլինի, որ այս ժամկետը բավարար չէ, որպեսզի կարողանանք ծանոթանալ»։

Փաստաբանը հայտնեց, որ կալանքի բուն քննությանը դեռեւս չեն հասել։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

 

րկիրն այսօր ղեկավարվում է ֆեյքերով. Ծառուկյանը դատարանից դուրս եկավ