Դատարանում չեն նայել գործի արձանագրությունը, ստացել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդումը եւ արտատպել․ սա փաստում է վարույթի ապօրինությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն քննում էր դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։ Միջնորդությունը հետաձգվեց, քանի որ ԲԴԽ անդամներից Սերգեյ Չիչոյանը ներկա չէր նիստին։
«Ազարյանին շատ դժվար է կաշկանդել: Ինչպես բոլոր դատարաններից, այդպես էլ ԲԴԽ-ից արդարադատություն եմ սպասում: Անելու եմ հնարավորինս, որ լինի օբյեկտիվ մոտեցում եւ գործը կարճվի»,- ասաց փաստաբանը։
Աթանեսյանը նշեց, որ Չիչոյանն այն դատավորն է, որը կարող է Ազարյանի վարքագիծը հասկանալ եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել. «Համոզված եմ, որ Չիչոյանի կարծիքը կլինի արհեստավարժ դատավորի հիմնավորված կարծիք»:
Խոսելով գործի ձեւակերպման մասին՝ Աթանեսյանը նշեց, որ ԱՆ-ն չի էլ նայել դատական նիստի արձանագրությունը, ստացել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդումը եւ արտատպել, հարուցել գործը, որն էլ փաստում է այս վարույթի ապօրինությունը:











