Մարդիկ մեծ մասամբ կրում են դիմակ, ես աշխատանքի գալիս եւ գնալիս հետեւում եմ ու տեսնում, որ մարդիկ կրում են դիմակ, չնչին բացառություններով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը։
«Մենք մի քիչ սխալ մոտեցում ունենք այդ հարցում, կարծելով, թե դիմակ կրելով, հակահամաճարակային մյուս կանոններին հետեւելով, կարող ենք ինչ-որ բան փոխել։ Ինչ-որ բան կփոխվի, իհարկե, բայց ամբողջությամբ դա իրավիճակը փոխել չի կարող։ Այսինքն, խոսելով դիմակների մասին, մոռանում ենք առողջապահության ու մյուս գերատեսչությունների անելիքների մասին։ Գուցե հակառակ բանը կասեմ, բայց հասարակությունը մեծ մասամբ հետեւում է կանոններին։ Ես տրանսպորտից օգտվում եմ, գեթ մեկին չեմ տեսել մետրոյում առանց դիմակի։ Բայց դրանից զատ էլի բազմաթիվ անելիքներ կան։ Սկզբում որ չկարողացան զսպել վարակի տարածումը, չպետք է զարմանան այսօրվա թվերի վրա», ասել է պատգամավորը։
Լուսինե Բադալյանի խոսքով՝ այնքան էլ համաձայն չէ, որ առողջապահության նախարարն ամեն ինչ արել է հակահամաճարակային եւ մարդկանց բուժելու գործը կազմակերպելու հարցում։
«Շատ բաներ կային, որ վերանայման կարիք ունեին, բայց ես համաձայն չեմ, որ ոչինչ չի արվել», նշել է Լուսինե Բադալյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամի կարծիքով՝ մեղավորներ փնտրելու ժամանակը հիմա չէ, այլ երբ համաճարակը կհաղթահարվի, նաեւ անդրադարձել Արսեն Թորոսյանի՝ հասարակությունից ներողություն խնդրելու փաստին․
«Կարծում եմ, որ մեկ ներողությամբ նման հարցերի պատասխանները չես տա, ինչպես մահերը հետ չես բերի, այնպես էլ ծանր վիճակում գտնվողների դրությունը չես թեթեւացնի, բայց պետք է կրկնեմ, որ ներողությունը ողջունելի է, եթե հնչում է սեփական սխալների գիտակցմամբ։ Մեկ հոգու մեղադրել մենք իրավունք ունենք, թե ոչ, չգիտեմ։ Բայց այս ամենի ավարտից հետո մանրամասն ամեն ինչ կարելի է պարզել եւ մեղավորները իհարկե պատասխանատվության կենթարկվեն»։
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու ԲՀԿ-ի նախաձեռնության մասին Լուսինե Բադալյանն ասել է, որ դեռ որոշում չունեն այդ հարցում, բայց, ըստ նրա, քննիչ հանձնաժողովն ի վնաս չի, ու եթե հօգուտ ժողովրդի է, թող լինի։ Ընդդիմությունը դրա իրավունքն ունի, ասել է նա։
Իտալիայի վարչապետին կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբում դանդաղելու համար պատասխանատավության ենթարկելու եւ մեր իրականության միջեւ զուգահեռների թեմայով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասել է, թե Հայաստանի վարչապետի մեղքը չի տեսնում․
«Վարչապետը չի կարող զբաղվել բոլոր-բոլոր հարցերով, բայց ցավոք, մենք տեսնում ենք, որ վարչապետը զբաղվում է բոլոր հարցերով։ Մենք դեռ այնքան կայացած համակարգ չունենք, որ վարչապետը չանդրադառնա այդ խնդիրներին։ Այսօր դիմակ էր բաժանում, երեկ մեկ ուրիշ բան էր անում։ Կարող եմ ասել՝ ոչ մի առաջնորդ այսչափ զբաղված չէ այդ հոգսով, ինչպես Հայաստանի վարչապետը», ընդգծել է Լուսինե Բադալյանը պարզաբանել է, որ վարչապետը հետեւում է իր նշանակած պատասխանատուների ցուցումներին։
«Յուրաքանչյուրս պետք է հարցնենք՝ իսկ մենք ինչ ենք արել այդ վարակի դեմն առնելու համար։ Ես ինձ այդ հարցը տալիս եմ», ամփոփել է Լ․Բադալյանը։











