Ես աշխատել եմ «Կենտրոն», այլ ոչ թե «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության հեռուստատեսությունում, աշխատել ու վճարվել եմ ինչպես մյուս բոլոր հեռուստաընկերություններում, որտեղ աշխատել եմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը՝ ի պատասխան այն քննադատությունների, որ ժամանակին աշխատել է Գագիկ Ծառուկյանին պատկանող  «Կենտրոն» ՀԸ-ում, սակայն հիմա կողմ է քվեարկել նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։

«Աշխատել եմ, վարձատրվել եմ ոչ բարձր։ Ինչ կապ ունի դա այսօրվա իրավական գործընթացների հետ։ Ես իրականացնում եմ իմ մասնագիտական գործունեությունը։ 150-250 հազար դրամ աշատավարձով աշխատել եմ ՀԸ-ներում, եղել եմ հաղորդավար, վարել եմ առավոտյան եթերներ։  Աշխատել եմ նաեւ «Պրոմեթեւս» ՀԸ-ում, դրանով քաղաքական առնչություն եմ ունենո՞ւմ դրա սեփականատիրոջ հետ։ 20 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 5 տարին աշխատել եմ «Կենտրոնում», եւ ի՞նչ», ասել է Լուսինե Բադալյանը։