Մենք մի քանի խիստ էական հանգամանքներ ենք արձանագրել դատարանում, նույնիսկ գրավոր կարգով ներկայացրել ենք, որոնց մեկն այն է, որ ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձեւակերպված արարքը խիստ տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:

«Երբ գլխավոր դատախազն ԱԺ-ին միջնորդություն է ներկայացնում. յուրաքանչյուր պատգամավորի պետք է իր խոսքում, հարցուպատասխանում հիմնավորի, որ, այո, այս արարքի պարագայում առկա է անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն։ Պարզվում է, որ այլ ձեւակերպումներով ստանում են համաձայնություն, բայց դատարան ներկայացնում են այլ ձեւակերպմամբ արարք։

Օրինակ, եթե ԱԺ-ին ներկայացրել են, որ իբր Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում կաշառք է տվել ընտրողներին, իսկ դատարան ներկայացրածում ձեւակերպումն այլ կերպ է, որ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք»,-ասաց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ նախորդ նիստին իրենք հիմնավորում էին, որ քրգործի հարուցումը եղել է մի պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ին քաղաքական իշխանությանը քննադատել է, որից հետո պրոցեսները սկսել են ընթանալ. «Այսօր ակնկալվում էր, որ մեղադրանքի կողմը պետք է գար եւ փորձեր հիմնավորել, որ փետրվարին երբ մենք այս տեղեկություններն ունեինք, այնպես չի, որ ոչինչ չէինք անում եւ հանկարծ հունիսի 5-ի հայտարարությունից հետո սկսեցինք շատ ակտիվ որոշեին քրգործ հարուցել: Ըստ էության, չկարողացան հիմնավորել եւ չներկայացրին փաստաթուղթ, որ  իր բովանդակությամբ էականորեն կտարբերվեր փետրվարի  5-ին ներկայացված փաստաթղթի բովանդակությունից, այսինքն որը կլրացներ եւ դրանից հետո կասեին՝ գնահատեցինք, տեսանք, որ նոր տվյալ կա:

Ավելին ասեմ,  եթե քրեական գործի հարուցում չկար, չկար կաշառքի փաստով հարուցված քրգործ, ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ մի շարք քրգործեր են առկա, այն էլ ընտրակաշառքների վերաբերյալ Դրանից հետո միանգամից որոշվեց, որ կոնկրետ անձը, որին 4 ամիս առաջ հարց էին տվել, հրաժարվել էր, այդ անձին նորից որոշեցին հարցաքննել, բայց նորից տվյալ չստացան եւ  քրգործը հարուցեցին»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ եթե մամուլի խոսնակը որոշակի տեղեկություն ունի, որ պետք է քրգործ հարուցվի, դա արդեն խոսում է գործի քաղաքական բնույթի մասին:

«Չի կարող լինել չհարուցված գործ եւ վարչապետի խոսնակն իմանա, որ պետք է հարուցվի»,-ընդգծեց նա: