Հայաստանի իշխանության դիրքորոշումը ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» եւ այլ կուսակցությունների համախմբմանը, հուշագիր ստորագրելուն անտարբերությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Անտարբերությունն է մեր դիրքորոշումը, որովհետեւ 30 տարի Հայաստանում այդպիսի հուշագրեր են ստորագրել այդ նույն մարդիկ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: Ահավոր անտարբեր ենք, այս երկու ժամվա ընթացքում նույնիսկ հարցերի մեջ դա չհնչեց»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ սկզբում իշխանությունը հայտարարում էր, որ հանրության կարիքը կարեւոր է եւ պետք է ՍԴ հարցը լուծել հանրաքվեով, իսկ հիմա որոշել է խնդիրը լուծել ԱԺ-ի միջոցով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այո, հանրաքվեն թերեւս ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել: Այս պարագայում մնում է հաջորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ունեցող պատգամավորների կողմից, ԱԺ-ի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելն է:
ՀՀ քաղաքացիներն իրենց մեծամասնությամբ վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին եւ այն հեքիաթները, որ որոշ մարդիկ իրենց լրատվամիջոցներով հորիներ են ու հավատացել են, իրականությանը չեն համապատասխանում»:
Հարցին՝ միգուցե հանրությունը «ոչ» ասեր սահմանադրական փոփոխություններին, ԱԺ փոխխոսնակը նկատեց. «Տեսեք, 3,5 տարի հետո ՀՀ-ում ընտրություններ են տեղի ունենալու: Այդ ժամանակ այդ ձեւավորված ընդդիմադիր ճակատը՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, տարբեր երկրների ներկայացուցիչերից ձեւավորված, մարդիկ թող գնան, ընտրեն այդ մարդկանց»:











