Մոսկվայի հարավում եւ արեւելքում ուժեղ ամպրոպ է տեղի ունեցել: Սոցցանցերի օգտատերերը տեղադրում են բազմաթիվ տեսանյութեր եւ լուսանկարներ, թե ինչպես է երկնքից անձրեւ թափվում, որոշ տեղերում՝ կարկուտի հետ միասին, հայտնում է MK-ն:

Մայրաքաղաքի մի շարք փողոցներ հեղեղվել են, եւ այժմ այնտեղ մեքենաներ են լողում:

Մասնավորապես, ուժեղ ամպրոպից հետո Վարշավյան մայրուղու շրջակայքում հեղեղվել են մի քանի փողոցներ:

Մոսկվայի հարավի մի բնակչուհի գրում է. «Հենց մեքենա նստեցի, որ ամառանոց գնամ, սկսվեց։ Ստիպված էի սարսափելի տարափի տակ, բառացիորեն մինչեւ ծնկներս ջրի միջով հետ վազել: Ստիպված կլինենք սպասել»։

Նոր Իսմայիլովոյում օգտատերը նշում է, թե այնպիսի ուժեղ անձրեւ է, որ գործնականում ոչինչ չի երեւում:

Մայրաքաղաքի եւս մեկ բնակչուհի նշում է, որ շրջանում միաժամանակ եւ կայծակ է, եւ ձյուն, եւ անձրեւ, եւ կարկուտ։

Ավելի վաղ ԱԻՆ-ի մայրաքաղաքային վարչությունը ամպրոպի մասին արտակարգ նախազգուշացում էր տարածել։