Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է Ադրբեջանի․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հերթական տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Մեր ամեն ինչով մենք միշտ եղել ենք եվրոպական ցիվիլիզացիայի կոդ կրող ժողովուրդ եւ երկիր, Փաշինյանը շատ արագ վերցրեց ֆորմուլան Իլհամ Ալիեւի եւ Մեհրիբան Ալիեւայի, որով նրանք կառավարում են Ադրբեջանը»,-ասաց նա:
Միքայել Մինասյանը մի քանի օրինակներ բերեց, թե ինչով են ՀՀ ղեկավարը և Հայաստանը նմանվում Ադրբեջանին և նրա ղեկավարին․ «Երբեք Հայաստանի որևէ ղեկավար չի բեմադրել իր գրքի հիման վրա թատրոնում պիես՝ իր կենդանության օրոք։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում։ Հայաստանի ղեկավարի արձանը իր կենդանության և իշխանության օրոք չի դրվել Հայաստանում, դա տեղի է ունեցել և՛ ՀՀ-ում, և՛ Ադրբեջանում։ Երբեք Հայաստանի որևէ ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք՝ որի անունն է «Փրկիչը Իջևանից»։ Դա տեղի է ունեցել Իջևանի քաղաքապետարանի բյուջեի միջոցներով։
Երբեք Հայաստանի որևէ ղեկավարի տիկին չի ունեցել այդպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բաժանել են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան հավասար համասեփականատեր է Ադրբեջանի և հիմա նույնիսկ նրանք իստիտուցիոնալիզացրել են այդ հարաբերությունները՝ ամուսինը նախագահ է, կինը՝ փոխնախագահ։ Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, մենք չենք կարող հանդուրժել այս պրոցեսը, երբ Հայաստանը վերածվում է փաշաստանի, դա անընդունելի է»,- նշեց Միքայել Մինասյանը։
Դեսպանի խոսքով՝ պատմությունը ցույց է տվել է, որ բռնապետեր դառնում են ի սկզբանե լեգիտիմ համարվող իշխանությունները․ «Իշխող ընտանիքը անընդմեջ փորձում է վախեցնել, որ մենք լեգիտիմ ենք, մենք չենք կարող լինել բռնապետ։ Աշխարհի պատմության մեջ չկան ընտրությունով եկած բռնապետեր, որոնք սկզբում չեն եղել լեգիտիմ։ Այո՛, բոլորին բերել է ժողովուրդը չսիրո հիման վրա և բոլորին վռնդել է ատելությամբ։ Եվ Հայաստանի այսօրվա իշխանությունները դրան շատ մոտ են։
Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ Հայաստանը իր համար վաղուց ժողովրդավարական պետություն չէ։ Երբ Նիկոլ Փաշինյանի վաղեմի շատ մոտ ընկեր Սարհատ Պետրոսյանը, ով իր նշանակած Կադաստրի կոմիտեի ղեկավարն էր, դուրս է գալիս աշխատանքից և իրեն իրավունք է վերապահում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հասցեին թթու խոսք ասել, մյուս օրը 6-րդ վարչությունը գնում է իր տուն խուզարկության։ Երբ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանը գրում է ինչ-որ ստատուս և իրեն կանչում են ԱԱԾ, ժամերով պահում են, դա անթաքույց սուլթանի գործելաոճ է»,- նշեց նա։
Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ տեղի ունեցող գործողությունները քաղաքական հետապնդում են, և դա հասկանում են ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ միջազգային հանրությունը։
«ՀՀ-ն քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երազած երկիրը, որը երբեք չի եղել։ Մենք բոլորս՝ հայ ժողովուրդը հպատակ է այդ ընտանիքի և մենք պարտավոր ենք երկրպագել այդ զույգին, եթե մենք ուզում ենք ապրել սուլթանատում։ Եթե հայ ժողովուրդը չի ուզում ապրել սուլթանատում, մենք պարտավոր ենք իրականության համար կռիվ տալ և հասկանալ, որ ՀՀ-ն չպետք է լինի մեկ ընտանիքի սեփականություն։ Իշխանության առաջին օրվանից այդ զույգը ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների։ Ով չէր ընդունում իրենց կրոնը, սև էր։ Այդ սև մարդիկ հիմա մեծամասնություն են, այո, ավելի քան 90 տոկոս։ Եվ այդ սև մարդիկ համախմբվում են, այդ սև մարդիկ պարտավոր են թողնել բոլոր անհամաձայնությունները, որոնք ունեցել են, դառնան մեկ բռունցք և կռվեն հանուն իրենց ժողովրդի և ապագայի։ Հայաստանը պարտավոր է ունենալ լավ ապագա»,- ասաց Միքայել Մինասյանը։











