Պարոն Մարուքյանը պետք է իր հետ կապված մտահոգություններով զբաղվի, իր վարկանիշի, իր խայտառակ լինելու-չլինելու մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե պատգամավորները խայտառակ կլինեն, եթե Ծառուկյանին կալանավորման՝ ԱԺ-ում հավանության արժանացած որոշումից հետո դատարանում չկալանավորի նրան:

«Դատարանը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանին եւ չի ասել, որ այն մեղադրանքները, որ ներկայացվել են ԱԺ-ում, առ ոչինչ են եւ հիմնավոր չեն: Ընդամենը մեկ խափանման միջոցը, որը բողոքարկվելու է, գտել է, որ պետք է մի խափանման միջոցը փոխարինել մեկ ուրիշով:

Հիմա իրար հերթ չտալով գալ, ասել՝ ես ասում էի, ես ասում էի, ճիշտ չէ: Պարոն Մարուքյանը վերջին մեկ տարում սովորություն ունի, ինչ լինում է նա նախապես դրա մասին ասած է լինում, դրա հետ կապված որեւէ զարմանք հայտնել պետք չէ, դուք էլ արդեն պետք է սովորած լինեիք»,- նշեց Սիմոնյանը:

Հարցին, թե Ալեն Սիմոնյանը տեղյակ եղե՞լ է Ծառուկյանի տան խուզարկման մասին նախօրոք, վերջինս պատասխանեց՝ ոչ, տեղյակ չի եղել: «Դրա նախօրեին վարչության նիստ է տեղի ունեցել, բայց դրա մասին չի խոսվել: Ես այդ մասին տեղեկացվել եմ Արման Աբովյանի ուղիղ եթերից»: