Ես կարծում եմ, որ սահմանադրական գործընթացը շատ ավելի արագ պետք էր անել եւ ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից դատական համակարգում գոյություն ունեցող ճգնաժամը այսքան երկարաժամկետ ծավալով չլուծելու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ԱԺ-ի միջոցով Սահմանադրության մեջ փոփոխությունների այս նախաձեռնությունը հակասահմանադրական գործընթացը եւ անգամ սահմանադրական կարգի տապալում:

«Մարդկանց նյարդայնությունը հասկանում եմ վերջին դատական որոշումների հետ կապված, բայց ուզում եմ նաեւ վստահեցնել, որ այն, ինչի համար իրենց պատվիրակել են մեզ որպես իշխանություն, մենք իրականացնելու ենք եւ իրականացնելու ենք հնարավորինս արագ»,-ասաց նա:

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաեւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Նկատենք, որ ՍԴ-ում 3 դատավոր կա, որ 12 տարուց ավելի է պաշտոնավարում, իսկ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ: