Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքում են երկու տարի առաջ լիազորությունները դադարեցրած գյուղապետի վերադարձի դեմ։ Նրանք այսօր՝ հունիսի 22-ին, առավոտից հավաքվել են գյուղապետարանի մոտ՝ ի նշան բողոքի։
«Մարզպետից ուրբաթ օրը տեղեկացանք, որ վերաքննիչ դատարանի որոշում կա, պետք է ժամանակավոր պաշտոնակատարը ազատվի պաշտոնից եւ աշխատանքի վերադառնա հին գյուղապետը։ Մենք դեմ ենք, քանի որ նախկին հանրապետական գյուղապետը 34 տարի պաշտոնավարել է, գերեզմանքարերի գումարներն է հափշտակել, հողերն է հափշտակել, թալանել, կերել է, իր հեռանալուց հետո գյուղը հազիվ կարգավորվել է։ Հիմա մենք ասում ենք՝ գյուղապետարանը ժողովրդինն է, իր վերադարձը համայնքապետի պաշտոնին լինելու է ժողովրդի դիակի վրայով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքողներից Սմբատ Մկրտչյանը։
Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետը դիմել գյուղապետի պաշտոնակատար է նշանակել Ռազմիկ Մկրտչյանին, Մարգարյանը դիմել է նախ վերաչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։
Սմբատ Մկրտչյանը տեղեկացրեց, որ իրենք ունեն դատարանի որոշման պատճենը, ըստ այդմ բողոքը մասամբ է բավարարվել եւ անվավեր է ճանաչվել միայն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը։
Այս պահին գյուղացիները դադարեցրել են իրենց բողոքի ակցիան եւ սպասում են մարզպետարանում հարցի քննարկման ավարտին, ինչից հետո իրենց անելիքները կորոշեն։











