Ցանկացած առիթով երբ փորձում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրների առումով այդ թնջուկը բացել եւ հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունը դա որակում է որպես հակապետական քայլ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, ով մասնակցի ԱԺ այս նիստին, քաղաքական պատասխանատվության է ենթարկվելու դրա համար:

«Ընդ որում, երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույնպես նույն որակումներն էին հնչում: Այն ժամանակ էլ հնչում էին, որ լավագույն տարբերակը ԱԺ-ում քննարկելը եւ որոշումներ կայացնելը: Շատ ուրախ կլինեի, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նման կարծիք են հնչեցրել,  այսօր ներկա լինեին եւ իրենց դիրքորոշումները հնչեցնեին քաղաքացիներին, այդ թվում իրենց ձայն տված քաղաքացիներին: Ցանկացած գործողություն, որը միտված է լինում դատական համակարգում փոփոխություններին, բարեփոխումներ իրականացնելուն, չգիտես ինչու սկսում են որակել որպես հակաիրավական: ՀՀ-ում մեկնարկը  տրվել է դատաիրավական բարեփոխումների եւ ՀՀ-ում մեկնարկը տրվել է, որ ներկայիս գործող ՍԴ մոդելը համապատասխանեցվի 2015-ի Սահմանադության մոդելին»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե սրանով իշխանությունը սահմանադրական հեղաշրջման է գնում, Մակունցն ասաց. «ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանվում են այն լիազորություններն ու գործառույթները, որոնք կարող է կատարել Ազգային ժողովի պատգամավորը: Դրանից դուրս որեւէ գործողություն չի կատարվել»:

Լրագրողները հիշեցրին, որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ ԱԺ-ում չկա բանավեճ, դրա համար չեն մասնակցում, ինչին «Իմ քայլի» ղեկավարն արձագանքեց. «Բանավեճը ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմությունը գտնվում է ԱԺ դահլիճում եւ հնչեցնում է հակառակ տեսակետ: Շատ ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը՝ թե ԲՀԿ-ն, թե «Լուսավոր Հայաստանը», ներկա գտնվեին եւ իրենց տեսակետը հնչեցնեին, որ բոլորս հասկանայինք, թե այս իրավիճակը հաղթահարելու մասին ընդդիմությունն ինչ է մտածում: Մեզ միշտ հետաքրքիր է ընդդիմության կարծիքը, քաղաքացիական հասարակության կարծիքը, նաեւ մեր միջազգային գործընկերների կարծիքը: Եվ այդ միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում է, որ ԱԺ-ն ներկայացվել է հենց այն նախագիծը, որը ներկայացվել է: Եթե հիշում եք, ի սկզբանե մեր դիրքորոշումն այլ էր, բայց ԱԺ քննարկումների դատին ներկայացվել է այլ նախագիծ»: