Վենետիկի հանձնաժողովի կարծիքից հատված մեջբերելիս շատ կարեւոր է հստակ մեջբերում անելը, որի արդյունքում մենք կունենանք հետեւյալ միտքը, որ Վենետիկի հանձնաժողովն ընդհանուր առմամբ դրական գնահատելով այն մոտեցումը, որ անհրաժեշտ են լուծումներ եւ այն տարբերակով, որ առաջարկվել է, կարծում է, որ պետք է հաշվի առնվեր նաեւ իրենց այն առաջարկը, որը նախատեսում էր նաեւ անցումային փուլ եւ ափսոսանք էր հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը մենք չենք ներառում նախագծում: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Պարզաբանեմ, թե ինչու չենք ներառել, որովհետեւ նախ, ինչպես գիտեք, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է եւ պարտադիր բնույթ չի կրում, որի մասին կա նաեւ կարծիքում: երկրորդ, այնտեղ նաեւ նշվում է, որ ՀՀ իշխանությունները իրավիճակը գնահատելով պետք է որոշումներ կայացնեն անցումային փուլի տեւողության առումով: 2018-ից հետո, երբ ՍԴ-ն այլ նախագահ ունեցավ, անցումային փուլն այդ ժամանակից սկսված է եւ 1,5 տարի անցել է այդ ժամանակահատվածից: Եվ որպեսզի լարվածությունն այդ ամենի շուրջ էլ ավելի չխորանա, չեսկալացվի լարվածություն, «Իմ քայլը» հավանության է արժանացնում այն տեսակետը, որ այս պահին անցումային փուլ պետք չէ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու ՀՀ իշխանությունը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, նախքան օրինագիծը շրջանառության մեջ դնելը, Մակունցը պատասխանեց. «Արդարադատության նախարարությունը, նաեւ այլ գործընկերներ ակտիվ բանակցությունների մեջ են եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, ընդհանուր կոնցեպտուալ քննարկումների առումով: Իսկ քանի որ կոնցեպտուալ ատռումով որեւէ խնդիր չի առաջացել, եւ մենք ունեցել ենք նախնական տեղեկատվություն, որ մինչեւ այդ օրը հրապարակվելու է, ուստի մենք որոշել ենք շրջանառել նախագիծը: Նաեւ ունեցել ենք նախադեպեր, երբ այդ գործընթացները եղել են զուգահեռ, այինքն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եղել է նախագիծը հրապարակելուց հետո: Ընդ որում դա եղել է նաեւ նախորդ շաբաթ»:
Նա նաեւ անդրադարձավ «ԻՄ քայլը» խմբակցության միաձայն քվեարկությանը (88 կողմ)՝ նշելով, որ դա դա ցույց տվեց «Իմ քայլի» միասնականությունը:











