Մենք այստեղ ոչ Հրայր Թովմասյանի հարցն ենք լուծում, ոչ Վահե Գրիգորյանի, ոչ մեկ ուրիշի. մենք ուզում ենք, որ ՍԴ-ն աշխատի օրենքի տառին եւ ոգուն համահունչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ոգին հետեւյալն է, որ որեւէ քաղաքական ուժ չօգտագործի պահի իրավիճակը հավերժական ՍԴ նախագահ ունենալու համար: Մենք ուզում ենք, որ վերջապես մեր ժողովուրդն ունենա Սահմանադրական դատարան: ՍԴ-ն պետք է գործի 2015-ին ընդունված Սահմանադրության մոդելով: Տեսեք դատավորը ընտրվում է 5 տարի ժամկետով, ՀՀ նախագահը՝ 7 տարի ժամկետով, ՍԴ դատավորը՝ 12 տարի ժամկետով եւ ասյ կոլեգիալ մարմինը ինքն իր միջից ընտրում է նախագահին՝ 6 տարով: Այդ 6 տարվա ընթացքում ՍԴ մնացած դատավորները իրենց գործունեությամբ համոզում են, որ հաջորդ անգամ իրենք պետք է ընտրվեն ՍԴ նախագահ: Սա է մոդելը, ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը ասել է, որ այս մոդելը ճիշտ է եւ համապատասխանում է միջազգային նորմերին: Սա է խնդիրը, մնացած դեմագոգիա է, մանիպուլյացիա է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք էր հայտնել, որ իրենց առաջարկություններն, ըստ էության, չեն ընդունվել, որոնք կապված են ՍԴ-ում փոփոխությունների համար անցումային ժամանակահատված սահմանելուն, Իգիթյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովը հստակորեն պատասխանել է այն երեք հարցերին, որոնք տրվել են եւ դրանք դրական են: Որ ասում ենք՝ անցումային ժամանակաշրջանը շատ է, թե քիչ, ես գիտեմ, որ այնտեղ եղել է նաեւ սխալ թարգմանություն, ես գիտեմ՝ ում կողմից: Պետք է հաշվի առնենք, որ անցումային ժամանակը քիչ չէ, այն արդեն տեւում է 5 տարի: Գիտեք, որ Սահմանադրության այս մոդելը պետք է ուժի մեջ մտներ 2018-ի ապրիլի 9-ից հետո, եւ հիշում եք՝ ինչու դա չեղավ: Դա եղել է մանիպուլյացիա, անգամ կասեի՝ խարդախություն նախորդ իշխանության կողմից, որի հետեւանքով Սահմանադրություն գրած մարդը դարձել է ՍԴ նախագահ մինչեւ իր կյանքի վերջը:
Բայց հիմա ամենակարեւոր հարցը դա չէ, այլ այն, թե ինչպիսի ՍԴ պետք է ունենա երկիրը: Ես կարծում եմ, որ այն, ինչ կունենանք այս մեր նախաձեռնության արդյունքում, դա ամենամոտն է այն ընդունված մոդելին, որով ապրում են զարգացած երկրները»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները հաշվի առնելով պետք է լուծվի ՍԴ-ի հարցը Հայաստանում, Իգիթյանն ասաց. «Տեսեք ինչ է ասում ԵԽ գլխավոր քարտուղարը: Նախ ասում է, որ պետք է համագործակցենք Վենետիկի հանձնաժողովի հետ, որը մենք անում ենք: Մեր կառավարությունը դիմել է եւ Վենետիկի առաջարկությունները համահոնւչ են այն նախաձեռնության հետ, որ հիմա ունենք: Երկրորդ, շատ դժվար է հասկանալ, թե անցումային փուլը ինչքան պետք է տեւի: Նույն Սահմանադրության հեղինակները 2015-ին նախատեսել էին 2 տարի, եւ այդ փուլը տեւում է 5 տարի, եւ եթե մենք չմիջամտեինք, կտեւեր մինչեւ 2040 թիվը, այսինքն ես չէի տեսնի արհեստավարժ ու վստահություն վայելող ՍԴ: Անցումային ժամկետըը չի կարող տեւել 30 տարի»:











