Մենք եվրոպական կառույցների հետ գործընկերոջ մակարդակով ենք խորհրդակցում, եւ ես կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը ստացվում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Անկախ այն բանից, որ այնտեղ ժամանակին այն մարդիկ են մտել, ես դա տեսել եմ, որոնք չպետք է մտնեին, բայց մենք համարում ենք, որ դա էլ է քաղաքական պայքար, որ մարդիկ մտնում եւ ներկայացնում են իրավիճակը: Մենք Վենետիկի հանձնաժողովի հետ ոչ թե անձնական կապերով ենք աշխատում, չնայած մեր կապերը պակաս մտերիմ չեն, եւ մենք աշխատում ենք ինստիտուցիոնալ եւ գործընկերային ձեւով:
Այդ առումով հիմնականում քաղաքակիրթ աշխարհում ընդունված է այն մոդելը, որը մենք հիմա ուզում ենք իրականացնել: Այդ մոդելը մենք չենք հորինել, դա գրված է 2015-ի Սահմանադրության մեջ: Ինձ զարմացնում է, թե ինչու դուք չեք գնում եւ 2015-ի Սահմանադրությունը գրողներին չեք հարցնում՝ ինչո՞ւ դուք այն մոդելը, որի համար ստացել եք Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը, դուք այդ մոդելը 2 տարի առաջ նենգափոխեցիք եւ երկարացրեցիք նախորդ մոդելը»,-ասաց նա՝ հավելելով, որ տեղի է ունեցել խարդախություն:











