Ամեն մեկը թող իրեն չվերապահի ասելու, թե ինչն է սահմանադրական, ինչը՝ հակասահմանադրական: Դա իմիջիայլոց փողոցում, անգամ կենսագրություն չունեցող մարդը, ունենալով խոսափող, չգիտեմ որտեղից խորհրդարանում ցանկացած պրոցես համարում է ոչ սահմանադրական: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ցանկացած մարդ, որը կարող է կարդալ, կարող է բացել ու տեսնել ԱԺ լիազորությունները՝ սահմանադրական հոդվածների փոփոխության հետ կապված: Դա միանշանակ է եւ այդտեղ որեւէ հակասահմանադրական բան չկա: Հակառակը, մենք ՍԴ-ն ոգով եւ տառով բերում ենք սահմանադրականության դաշտ»,-ասաց նա:
Նա հերքեց տեղեկությունները, թե փետրվարին իրենք ասել են, որ ԱԺ-ն չի կարող լուծել ՍԴ-ի հարցը, այն կարող է լուծվել միայն հանրաքվեի ճանապարհով. «Այն ժամանակ չէր ասվում, որ անհնար է հարցը լուծել խորհրդարանի միջոցով, ուղղակի լավագույն տարբերակը կլիներ հանրաքվեով լուծելը, այսինքն հանրության միջոցով լուծելը»:











