Հունիսի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնում Տաշիր քաղաքի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, պատուհանով մտել են տուն, գողացել երեք ոսկյա մատանի ու թեւնոց` պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:
Իրավապահները մեկնել էին դեպքի վայր, ուսումնասիրել տան տարածքը: Ոսկեղենը ննջասենյակի պահարանից էին հափշտակել:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, եւ հաղորդումից ժամեր անց ոստիկանների արագ եւ օպերատիվ աշխատանքի շնորհիվ գաղտնի հափշտակությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նախկինում գողության համար դատապարտված, Ստեփանավանի Րաֆֆու փողոցի 35-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, կասկածվողը Տաշիրի Երեւանյան փողոցից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Տաշիրի բաժին եւ ձերբակալվեց:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:











