Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝  դատավոր Դավիթ Բալայանի, այսօր` հունիսի 23-ին շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկայացվելու է գործով վկաներին հարցաքննելու դատավարական կողմերի նախընտրելի հաջորդականությունը ։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։