Անհիմն պատճառներով Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը չկայացավ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, դատական նիստի հետաձգվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը։

«Կոչ եմ անում դատավարության մասնակիցներին՝ ժամանակին գալ դատարան. ես կես ժամ շուտ եկել եմ դատարան։ Տեսաք, որ ուշացող պաշտպանն արդեն այստեղ էր եւ կարելի էր շարունակել նիստը։ Առանց այն էլ դատական նիստերը մի քանի ամիսը մեկ են լինում. անընդունելի է։ Այն որ նիստերը շատ դանդաղ է տեղի ունենում, դա շատ վատ է»,- ասաց Սանասարյանը։

Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ դատարանները գերծանրաբեռնված ու լարված են աշխատում եւ այդտեղ որեւէ միտում տեսնել պետք չէ.

«Դատարանը մի քանի անգամ վկայակոչելով իր լարվածությունն ու ծանրաբեռնվածությունը՝ խնդրել էր դատավարության մասնակիցներից ոչ ոք չուշանա։ Այստեղ կարող է լինել դատավորի գերհոգնածություն, սակայն միտում չի կարող լինել։ Չեմ կարծում նաեւ, որ մեր կոլեգան է միտումնավոր ուշանում, որովհետեւ ես էլ որպես փաստաբան հասկանում եմ փաստաբանների ծանրաբեռնվածությունը։ Ունենք իրողություն, որ անմեղ մարդը, անհիմն մեղադրանքով եկել է դատարան եւ ուզում է այդ արագ արդարադատության այդ գործընթացում ցույց տա իր արդար լինելը։ Ինչքան կարող է նման ճանապարհ անցած անձն անհեթեթ մեղադրանքով, իր գործառույթներն էլ կասեցված վիճակում սպասի արդարադատության ու նիստերն էլ ամիսներով հետաձգվեն»։